ՔԿՀ-ներում կանխվել են թմրամիջոցի փոխանցման դեպքեր

ՔԿՀ-ներում կանխվել են թմրամիջոցի փոխանցման դեպքեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու օդային տարածքում նկատել են ոչ շատ բարձր թռչող սուրհանդակ աղավնի, որը կասկած է առաջացրել: Աշխատակիցներին հաջողվել է բռնել աղավնուն, որի մեջքին թելով ամրացված է եղել կպչուն ժապավենով փաթեթ: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.9 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, անձնական խուզարկության ենթարկելով տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա․ Հ․-ին, նրա մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են 2 փաթեթ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 0․89 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածնեերով։ Նշանակված դատաքիմիական փորձաքննության են ուղարկվել նաև ծխախոտի գլանակները։

Նույն օրը՝ ժամը 14։15-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացի Ա․ Պ․-ի կողմից կալանավորված անձ Կ․ Գ․-ի անվամբ բերված հանձնուքում մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթների միջից ևս հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 9․75 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth