ՌԴ ՊՆ ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում նաև Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությանը
ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկներին բուժօգնություն ստանալու նպատակով շուրջ 70 բնակիչ է դիմել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Քաղաքացիները դաշտային նորաստեղծ հոսպիտալ են դիմել հիմնականում սրտային, էնդոկրին համակարգի խնդիրներով ու ատամնաբուժական խնդիրներով:
ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման կազմում Լեռնային Ղարաբաղ է ժամանել ավելի քան 100 ռազմական բժիշկ, որոնց թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Ռազմաբժշկական ստորաբաժանումները համալրված են լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներով, որոնցով հնարավոր է կատարել ռենտգենոլոգիական, ֆլյուրոոգրաֆիկ, էնդոսկոպիկ հետազոտություններ, վիրահատական միջամտություններ օրական մինչև 40 վիրահատություն ծավալով:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր է տեղափոխվել ավելի քան 27 հազար քաղաքացի: