ՄԻՊ-ն ավարտել է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը

ՄԻՊ-ն ավարտել է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը

Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է պատերազմի ընթացքում հայկական կողմի գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը:

«Երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է պատերազմի ընթացքում մեր գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը:
Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով:
Կատարված են ծանրագույն պատերազմական հանցագործություններ, որոնց վերաբերյալ ապացույցների ամրագրումը, ադրբեջանական իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ամրապնդումը խիստ հրատապ է:
Պետք է ցույց տալ, թե, օրինակ, այդքան ծավալի դեպքերից քանի ադրբեջանցի զինվորականի ինքնություն է պարզվել (մանավանդ նրանցից շատերը տեսանյութերում ու լուսանկարներում բաց դեմքով են) կամ ինչ է արվել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի ադրբեջանցի զինվորականի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ադրբեջանական իշխանության մարմիններից կոնկրետ ով ինչ հանցանք է կատարել, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկված:
ՀՀ կառավարությունն այս կարևոր ուղերձները պետք է հղի ինչպես մեր հանրությանը, որի համար այս հարցերը կարևոր առաջնահերթություն են, այնպես էլ միջազգային հանրությանն ու հենց Ադրբեջանի իշխանություններին:
Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ նպատակի համար մեր երկրում ձեռնարկվում են բոլոր ջանքերը: Անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ ու խոշտանգումներ: Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը:
Նշված հարցերում ՀՀ գործադիր իշխանությունն իր մարմիններով ունի սկզբունքային դերակատարություն:
Անհրաժեշտ է համակարգված ու նպատակային աշխատանք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Այս հարցերը պետք է լինեն բոլորիս բացառիկ գերակայությունների թվում, յուրաքանչյուրի մասնագիտական ներուժը պետք է առաջնահերթ ծառայեցվի հենց այդ նպատակներին:
Փոխարենը, ՀՀ կառավարությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված այլ թեմայով քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերին:
Անընդունելի ենք համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:
Դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը: Այս խնդիրը նրանք կարող են արդյունավետ լուծել միայն արտաքին ու ներքին անկախության երաշխիքների լիարժեք գործողության ու այդ անկախության երևալը (appearance) լիարժեք ապահովելու պայմաններում:
Հ.Գ. ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ամրագրման, մեր գերիների իրավունքների պաշտպանության հարցերում այս օրերին համատեղ սերտ աշխատում ենք իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի ու Արտակ Զեյնալյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի , ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Այս հարցերով համագործակցում ենք նաև ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու ՀՀ դատախազության հետ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արման Թաթոյանը:

wp-apeth