«31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար». Արտակ Բեգլարյան

«31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար». Արտակ Բեգլարյան

Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու նախորդ ու գալիք սերունդներին, և արդեն մեկնարկել է Արցախյան շարժման նոր ու ավելի ծանր փուլը, որի վերջնարդյունքը մեծապես կախված է հենց մեր սերունդից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Խորհրդանշականորեն» Արցախի և Մայր Հայաստանի միավորման վերաբերյալ պատմական որոշումից 31 տարի հետո նույն օրը ֆիզիկապես խզվում է մեր միացումը՝ թողնելով զուտ մեկ «պորտալար»… Ինձ համար սա ոչ միայն ազգային, այլ նաև անձնական դժբախտություն է, քանի որ հայրս՝ Արտյոմ Սուրենի Բեգլարյանը 28 տարի առաջ զոհվել է Քաշաթաղի հյուսիսային բնակավայրերի ազատագրման ժամանակ, այն բնակավայրերի, որոնք այսօր հանձնվում են գերության: Անկախ այս միջանկյալ զարգացումից, որը խստորեն տարբերվում է մեր նահատակների երազանքներից, միևնույն է՝ ես հպարտ եմ իմ ընտանիքի զոհաբերությամբ հանուն Հայրենիքի… Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու նախորդ ու գալիք սերունդներին, և արդեն մեկնարկել է Արցախյան շարժման նոր ու ավելի ծանր փուլը, որի վերջնարդյունքը մեծապես կախված է հենց մեր սերունդից: Ի դեպ, ես Արցախյան շարժման մեկնարկի ծնունդ եմ և այդ համազգային զարթոնքը դիմավորել եմ մորս փորում, իսկ ՀՀ Սահմանադրության ընդունումից յոթ տարի առաջ՝ հուլիսհինգյան ծննդիցս հետո ծնողներս վերջին պահին անունս դրեցին Արտակ՝ մյուս քննարկվող տարբերակի՝ Արցախի փոխարեն: Այնպես որ ես ի ծնե, այնուհետև՝ գիտակից կյանքիս սկզբում երդում եմ տվել կյանքս նվիրել Հայրենիքին ու Արցախյան շարժմանը՝ մինչև հաջող վերջնարդյունք կամ ցմահ: Ես երդումից ու պարտքից փախչող տեսակ չեմ…»,- գրել է նա:

wp-apeth