Արցախի ՄԻՊ-ը հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութերը պատերազմական հանցագործություն է որակում

Արցախի ՄԻՊ-ը հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութերը պատերազմական հանցագործություն է որակում
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը:
Առ այսօր մենք արձանագրել ենք առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր։ Վիրավորներից մեկը գիշերն է արձանագրվել Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով։ Մեր նախնական վերլուծությամբ 10500-ի մոտ մասնավոր սեփականություն է վնասվել կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500 ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես մեքենա։ Այս թվերը դեռ ճշգրտման կարիք ունեն։
Հաշվի առնելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ ռիսկը մեծ է, որ կարող են լինել այլ քաղաքացիական զոհեր, հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբեր են մուտք գործել, քանի որ մեր տվյալներով այդ բնակավայրերից անհայտ կորած քաղաքացիական անձինք կան։
Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Հիմնականում կանոնավոր և խիտ կերպող թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև պարբերաբար՝ Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր, և որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում։
Ըստ մեր վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ, և ակնհայտորեն թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ։
Երեկ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ։ Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն Ժնևյան կոնվենցիաներով։
Մարտունի և Մարտակերտ քաղաքներում պարբերաբար թիրախավորումներ լինում են, կրկին արձանագրվում են գլխավորապես նյութական վնասներ, քանի որ մարդիկ արդեն զգուշավոր են, հասկանում են, որ ռիսկը մեծ է, և, գլխավորապես, ապաստարաններում են լինում։ Դրա համար մարդկային զոհերի և վիրավորների քանակը նվազում է։
Վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում ինտենսիվորեն տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում, ըստ մեր վերլուծությունների, լինում են ճիշտ, ոչ կեղծ տվյալներ։ Այդ լուսանկարներում ու տեսանյութերում տարբեր տիպի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում․ դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր, գլխատման դեպքեր, նաև ռազմագերիների հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր։ Այդ տեսանյութերից ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների նկատմամբ կիրառում են ճնշման միջոցներ՝ մեծ հավանականությամբ և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական քարոզչության թեզերը ներկայացնելու համատեքստում, ինչը խստագույնս անընդունելի է և խախտում է Ժնևյան կոնվենցիաների դրույթները։
Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն դարձնի այս դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները, երաշխավորի ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում, և նաև հայ զինծառայողների դիակների մասով բացառվեն հետագա իրավախախտումները և ոտնձգությունները։
Ադրբեջանական իշխանությունները և քարոզչամեքենան վերջին օրերին սկսել են ակտիվորեն քարոզչական թեզեր պտտել հայերի հանդեպ դրական վերաբերմունքի մասով, համատեղ ապրելու հնարավորությունների մասով, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորության մասով և այլն, որոնք ուղղակի քմծիծաղ են առաջացնում, քանի որ նախ՝ Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը, մենք ենք մեր հայրենիքի ճակատագրի որոշողը։
Հետևաբար որևէ խոսք չի կարող գնալ Ադրբեջանի կազմում ապրելու մասին, դա պարզապես բացառվում է, առաջին հերթին քանի որ մենք ունենք բացառիկ իրավունքներ մեր հայրենիքում ապրելու, և երկրորդ հերթին՝ քանի որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանական իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը և ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների գոյակցությունը որևէ տեսանելի ապագայում՝ նույնիսկ ուղղակի փոխշփումները, սա կապ չունի կարգավիճակի հետ։ Դրա վառ ապացույցն այս պատերազմում դրսևորված ատելության մեծ ալիքն է հայության հանդեպ նաև սոցիալական մեդիայում, երբ նրանք հրապարակում են որևէ տեսանյութ կամ լուսանկար մեր ռազմագերիների կամ դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով, տեսնում ենք, թե ինչպիսի «խրախճանք» է տիրում ադրբեջանական հասարակության մեջ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth