ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ

Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը, այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանը նշեց, որ այցը տեղի է ունենում Հայաստանի և տարածաշրջանի համար բարդ ժամանակահատվածում։ Ադրբեջանը սանձազերծել է լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, որն ուղեկցվում է Արցախի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների` իրենց ծավալով և էությամբ պատերազմական հանցագործություններ հանդիսացող դիտավորյալ թիրախավորմամբ և միտված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը։

Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը, որը արտահայտվում է թե’ անմիջական ռազմական մասնակցությամբ և թե՛ Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և լուրջ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար։

Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների անհապաղ կյանքի կոչման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ այս հարցում ցուցաբերած միասնականությունը: ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հոկտեմբերի 10-ի և 17-ի համաձայնություններին և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը։

wp-apeth