Հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները

Հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հրամանով սահմանվել են աշխատանքի ընդհանուր և ուսհաստատություններում կանխարգելիչ ու սանիտարահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, տարածքների ախտահանմանը, սննդի կազմակերպմանը և սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև սովորողներին ներկայացվող պահանջները։ Հաստատվել են նաև ախտահանման գործընթացի, սովորողների և անձնակազմի ջերմաչափման արդյունքների գրանցման վերաբերյալ գրանցամատյանները և ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկը։ Սահմանվել է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, որի կողմից նշանակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։ Վերոնշյալ հրամանով լրամշակվել են Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցով նախապես սահմանված որոշ կանոններ, մասնավորապես ամրագրվել է՝ Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն կազմված ժամանակացույցի, որը բացառում է կուտակումների առաջացումը միջանցքներում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով նախատեսված մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պարապմունքները կազմակերպվում են հետևյալ կանոնների պահպանմամբ՝

  • 1) ծնողի ընտրությամբ անհատական պարապմունքները կազմակերպվում են դպրոցում կամ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնում,
  • 2) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է տարածքի օդափոխում առնվազն 8-10 րոպե տևողությամբ,
  • 3) յուրաքանչյուր պարապմունքի ավարտին կատարվում է աշխատանքային տարածքի, մակերեսների ախտահանում՝ առնվազն 70-90% սպիրտի կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով, որոնք ունեն Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը,
  • 4) յուրաքանչյուր պարապմունքից հետո իրականացվում է դիդակտիկ նյութերի և բոլոր այն առարկաների ախտահանում, որոնց երեխաները կարող են ձեռք տալ,
  • 5) պարապմունքների ժամանակ օգտագործվում են մեկանգամյա անհատական օգտագործման կամ խոնավ մաքրման և ախտահանման պարագաներ,
  • 6) ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն աշխատանքային նյութերը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։ Այդ նյութերը հավաքվում են առանձին տարայում, և նախքան հետագա օգտագործումը, դրանք պարտադիր ախտահանվում են:
  • 7) սեղանի մոտ ապահովվում է ձեռքերի ախտահանիչ միջոց կամ ախտահանող անձեռոցիկ՝ առնվազն 70%-անոց սպիրտային հիմքով։

Մասնագիտացված և հատուկ դպրոցների մասով սահմանվել են գործունեության հստակեցված կանոններ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները։

wp-apeth