«Ռուսաստանի դաշնակիցները». Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ

«Ռուսաստանի դաշնակիցները». Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համատեքստում: Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին և նշել է, որ Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով աշխատություն:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ «Ռուսաստանի դաշնակիցները» թեմայով աշխատության մեջ գնահատվում է ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ»,-ասել է Արմեն Գրիգորյանը:

Կառավարության ղեկավարն էլ հայտնել է, որ առաջիկայում ԱՄՆ-ի հետ նախատեսվում է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: «Հույս ունենք, որ այն կորոնավիրուսի պատճառով որևէ սահմանափակում չի ունենա: Կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և դա շարունակելու ենք: Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն՝ մեզ համար շատ կարևոր գործընկերներ են:

Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ Երևանում: Նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ, բնականաբար, մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Եվ մենք հետևողական արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը: Մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք և դրանք պետք է ունենան և ունենում են կոնկրետ արտահայտություն, և այսօրվա կառավարության նիստին երկու այս որոշումները նաև վկայում են այդ մասին»,- ասել է վարչապետը:

wp-apeth