30 մլն եվրո Հայաստանին՝ դատական բարեփոխումների համար

30 մլն եվրո Հայաստանին՝ դատական բարեփոխումների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ 3 հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել, որ առաջին 9 մլն եվրոն ակնկալվում է ստանալ արդեն այս տարի, որը տրվում է 3 բաղադրիչի համար: «Առաջինը՝ դատավորների բարեվարքության և գույքային դրության ստուգման համար: Այսինքն՝ մենք պետք է այդ պայմաններն ապահովենք, դատական օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված է, և այս պահին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի և ՍԴ դատավորների գույքային դրության ստուգում: Սա բերելու է կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալու մեր նախանշված ծրագրի իրականացմանը: Երկրորդ բաղադրիչը դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է: Այսինքն` այստեղ ներառված է նաև էլեկտրոնային գործիքների, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրումը, արբիտրաժային դատավարության հետագա զարգացումը: Եվ, որպես վերջնարդյունք, օրինակ` նշված է, որ մինչև 2025 թվականին վարչական և քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով պետք է նվազի»,-ասել է նախարարը:

Երրորդ բաղադրիչը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին: «Պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից դատախազությունում՝ սահմանված ստանդարտներին համապատասխան ձևավորվի հակակոռուպցիոն ստորաբաժանումը, ձևավորվեն հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանները, և այս բաղադրիչի մասով է սահմանված առաջընթացը»,-ասել է Ռուստամ Բադասյանը:

wp-apeth