Դպրոցում դիմակ կրելու պարտադրանքը հանելու մասին դատարանի որոշում չկա

Դպրոցում դիմակ կրելու պարտադրանքը հանելու մասին դատարանի որոշում չկա

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն առ այն, թե «Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ապօրինի լինելն այլևս հաստատված է դատարանի որոշմամբ» և, որ «Սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։

«Հարկ է նշել, որ տվյալ դիտարկումներն ապատեղեկատվություն են, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին, չունեն ոչ մի իրավական հիմք, և չեն վերաբերում դպրոցներում իրականացվող սահմանափակումներին, քանի որ սահմանափակումները կիրառվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշումը (դպրոցների մասով, հավելվածի 20-րդ կետի հիման վրա) և ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 23-Ն հրամանը։

Այնուամենայնիվ, հեղինակին՝ որպես փաստաբան և իրավաբան, պետք է հայտնի լիներ, որ նշված ուղեցույցը չի էլ հանդիսացել նորմատիվ իրավական ակտ, և այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին հակասելու մասով վիճարկելը առարկայազուրկ է:

Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ  Հայաստանում դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ ուսումնասիրելով միջազգային փորձը և հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները և հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։

Հարգելի քաղաքացիներ, ծնողներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում չտրվել ապատեղեկատվությանը և հաշվի առնել, որ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում և բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը»,- նշված է հաղորդագրությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ դպրոցում դիմակ կրելու մասին դատարանի որոշում չկա. փաստաբան Գեղամ Սիմոնյանի սոցիալական ցանցի միջոցով տարածած տեղեկությունն այն մասին, որ դպրոցում դիմակ կրելու պահանջը և մյուս սահմանափակումներն ապօրինի են և հաստատված դատարանի որոշմամբ, չի համապատասխանում իրականությանը:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատարանի որոշումը փաստում է, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը, կից փաստաթղթերով վերադարձվել է. «Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում՝ այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը»:

Բացի դրանից, փաստաբանը, մեջբերելով դատարանի որոշումը, նշում է, որ վարչական դատարանը 5 դատավորի կազմով հաստատված է համարել, որ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ կիրառման և կատարման։ «Ինչից հետևում է, որ սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումներն ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»,-նշում է նա։

Սակայն առհասարակ փակ տարածքներում, մասնավորապես՝ դպրոցում դիմակ կրելու արգելքը սահմանվում է ուղեցույցից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատող՝ սեպտեմբերի 11-ի հրամանով, որի համաձայն՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:

Այսպիսով, դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է, քանի որ ոչ միայն չկա դատարանի որոշում՝ դիմակ կրելու ապօրինի լինելու վերաբերյալ, այլև դատարանում հարցի վիճարկումն արվել է սխալ, չի մատնանշվել իրավական նորմատիվային ակտ հանդիսացող համապատասխան փաստաթուղթը, որը նախարարի հրամանն է:

wp-apeth