Վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» դեղերով բուժման կազմակերպման կարգը

Վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» դեղերով բուժման կազմակերպման կարգը

Հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտների «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» (Sofosbuvir/Daclatasvir) դեղերով բուժման կազմակերպման կարգը, որի շրջանակներում պացիենտներին անվճար կտրամադրվեն ուղղակի ազդող հակավիրուսային դեղերը, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Հաստատված կարգի համաձայն` «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր»  դեղերով բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է 18 տարեկանից բարձր հեպատիտ Ց ախտորոշմամբ (որակական ՊՇՌ մեթոդով) պացիենտներին և լյարդի ֆիբրոզ  0–4 (Child-Pugh A, MELD <20) ունեցող պացիենտներին`  հետևյալ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա.

  1. հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում (դրական) որակական պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով,
  2. հեպատիտ Ց վիրուսի գենոտիպավորում (գենոտիպի որոշում),
  3. ֆիբրոզի աստիճանի որոշում՝ լյարդի էլաստոգրաֆիա (ֆիբրոսկան) և/կամ APRI և/կամ FIB-4, ընդ որում, 3-րդ և 4-րդ աստիճանի ֆիբրոզի դեպքում որոշվում է նաև AFP,
  4. արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, կենսաքիմիական հետազոտություն (բիլիռուբին ընդհանուր/կապված, ԱԼՏ, ԱՍՏ, ալբումին, գլյուկոզ, կրեատինին, պրոտրոմբինային ժամանակ/ինդեքս/INR),
  5. HBsAg կամ հակա-HBc,
  6. որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:

Նշված դեղերը չեն տրամադրվում, եթե պացիենտի մոտ առկա է.

  1. դեկոմպենսացված լյարդի ցիռոզ (Child-Pugh B կամ C, MELD >=20),
  2. հեպատոցելյուլյար կարցինոմա,
  3. HBV-համավարակ HBsAg դրական, սակայն HBV-համավարակի դեպքում «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր»-ով բուժումը հնարավոր է իրականացնել HBV-ի տենոֆովիրով հակավիրուսային բուժման մեկնարկից հետո,
  4. eGFR<30-ից երիկամային խնդիրներ,
  5. հղիություն և կրծքով կերակրում,
  6. նախկինում HCVNS5A ընկճողներով հակավիրուսային բուժում ստացած պացիենտներին:

Ծրագրի շրջանակներում «Սոֆոսբուվիր/Դակլատասվիր» դեղերն առաջնահերթ տրվում են.

  1. 4-րդ, 3-րդ աստիճանի ֆիբրոզ ունեցող պացիենտներին,
  2. արտալյարդային դրսևորումներով` վասկուլիտ, դիաբետ, դեպրեսիա, քրոնիկական երիկամային հիվանդություն eGFR>30-ից, լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություններ, պոլիարթրիտներ և այլն, պացիենտներին,
  3. ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հեմոֆիլիա, լյարդի ճարպային հիվանդություն, ճարպակալում, սրտանոթային հիվանդություն, ունեցող պացիենտներին:

Նշված չափանիշներին համապատասխանող պացիենտներին բժշկի կողմից տրվում է օրենքով սահմանված կարգով դեղատոմս, որի հիման վրա վերջինս «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից» (տեղակայման հասցե` Աճառյան փողոց, շենք 2) ստանում է անհրաժեշտ դեղերը: Նշենք, որ յուրաքանչյուր պացիենտի տրամադրվելու է ամսական 1 տուփ` ըստ բուժման կուրսի:

wp-apeth