ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված

Դատարանը միաժամանակ մերժել է պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը․ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը միջնորդել էր նրան ազատ արձակել 1․5 միլիոն դրամ գրավի դիմաց։

Գևորգ Լոռեցյանը կալանավորված է 2019 թվականի դեկտեմբեր ամսից։ Նրա ու ևս երկու անձի վերաբերյալ քրեական գործով ԱԱԾ-ն նախորդ ամիս նախաքննության ավարտ հայտարարեց, և քրեական գործն ուղարկվեց դատարան՝ ըստ էության քննության։ Երեկ դատարանը նախնական նիստ էր հրավիրել՝ քննարկելու հենց Լոռեցյանի կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը։

Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է:

«ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործով Դատարանի կողմից դռնփակ դատական նիստում կայացված որոշման դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանը կամ պետք է բավարարի ու առնվազն ճանաչի պարոն Լոռեցյանի՝ իր գործի հրապարակային քննության իրավունքի խախտումը, կամ ստիպված պետք է կրկին քննի դռնփակ:

Դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցի հարցի քննությունը պետք է անցկացվի դռնբաց դատական նիստում: Տրամաբանությունը հետևյալն է. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ դատական նիստերը դռնբաց են:

Ընդհանուր կանոնից կան որոշ բացառություններ, որոնցից են, օրինակ, դատավարական հարկադրանք կիրառելու մասին պաշտոնատար անձի կողմից ներկայացված միջնորդության քննարկումը մինչդատական վարույթի ընթացքում կամ կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգումը վերաքննիչ դատարանի կողմից կրկին մինչդատական վարույթի ընթացքում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը վերաբերող նշված դեպքերում, որպես բացառություն, օրենքը ուղղակիորեն սահմանում է, որ նիստերը պետք է անցկացվեն դռնփակ:
Գևորգ Լոռեցյանի գործով երեկ կայացած դատական նիստը որևէ առնչություն չուներ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հետ: Մեղադրական եզրակացությունն արդեն բավականին ժամանակ է, ինչ ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ տվյալ գործով ավարտվել է մինչդատական վարույթը, որևէ մեկը կաշկանդված չէ նախաքննական գաղտնիքով և գործով բոլոր դատական նիստերը պետք է անցկացվեն դռնբաց:

Վստահ եմ, որ վերրաքննիչ դատարանը կայացված որոշման դեմ բերված բողոքը քննելու է ԴՌՆԲԱՑ դատական նիստում»,- գրել է Սահակյանը:

wp-apeth