Էդգար և Գոռ Մալաքյաններն ազատության մեջ են. գործի մանրամասները

Էդգար և Գոռ Մալաքյաններն ազատության մեջ են. գործի մանրամասները

Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվել է մինչև վաղը: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրառում էր կատարել Գոռի և Էդգարի պաշտպան Գոռ Միքայելյանը:

«Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեցին մինչև վաղը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.08.2020թ-ի ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է այսօր` ժամը 23։40-ին և 23։45-ին։ Մոտենում եմ Երևան քաղաքի ՁՊՎ Մալաքյան եղբայրների ազատության մեջ հայտնվելու գործընթացը կազմակերպելու համար։ Լրագրողների հետ տեղի կունենա կարճ ճեպազրույց՝ Մալաքյանների մասնկացությամբ»,- գրել էր Միքայելյանը:

Մալաքյան եղբայրների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ միջնորդություն էր ներկայացրել նաև ՀՖՖ-ն:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալում է դեպքի անաչառ քննություն և խնդրում է իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:

Ֆուտբոլիստներն արդեն ազատության մեջ են: Ճեպազրույցի ընթացքում վերջիններս շատ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ գործի ընթացքն ամեն ինչ ցույց կտա: Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ֆուտբոլիստ եղբայրների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա և 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները, ընկերոջ և մի քանի այլ անձանց հետ գտնվել են Երևան քաղաքի «Կասկադ» համալրին հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու տեսուչներ, ծառայություն իրականացնելիս, նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս տեղեկացնելով վարչական իրավախախման վերաբերյալ փաստը՝ կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող երկու եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, և մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Նույն ժամանակահատվածում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ երկու քննիչներ նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից, հակադրվելով հասարակության անդամներին, անձնական պատվախնդրությունը վեր դասելով հասարակության շահերից և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խաթարել հարակից սրճարաններում գտնվող անձանց անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` հնչեցրել են հայհոյանքներ և բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նրանց գործողությունները զուգորդվել են այդ պահին ներկա գտնվող ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ դիմադրություն ցույց տալով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով: Ստացվում է՝ հիմա ֆուտբոլիստները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 316.

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 258.

Խուլիգանությունը

3. Սույն հոդվածի երկրորդ մասով (Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով) նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth