«Փյունիկը»՝ Գոռ Մալաքյանի ձերբակալության մասին
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները: Գոռ Մալաքյանը հանդիսանում է Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ: Ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել:
«Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։ Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։ Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։ «Փյունիկ» ՖԱ-ն կհետևի հետաքննության ընթացքին»,- նշված է հայտարարությունում:
Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 316. |
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը |
1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 258. |
Խուլիգանությունը |
1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: