Բնական գազի շահագործման անվտանգության կանոններ, կորոնավիրուսային իրավիճակ. վարչապետի անդրադարձը կառավարության նիստում

Բնական գազի շահագործման անվտանգության կանոններ, կորոնավիրուսային իրավիճակ. վարչապետի անդրադարձը կառավարության նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում, մինչ օրակարգի քննարկումը, անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքներին, ինչպես նաև կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին: Ստորև ներկայացվում է Ն. Փաշինյանի խոսքի սղագրությունը.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում, և Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, գազի պայթյունից, ըստ էության, ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանի Հանրապետությունում, ինչը ևս մեկ անգամ մեր բոլորի ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Իհարկե, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, և քրեական գործի շրջանակում կպարզվեն գործի բոլոր հանգամանքները: Բայց, այնուամենայնիվ, ևս մեկ անգամ ցանկանում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին:

Այս պահին կարող եմ ասել, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով: Իհարկե, այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնել են, նրանց առաջարկվել է հյուրանոցում անցկացնել մեկ շաբաթ՝ մինչև նրանց հետագա հարցերի քննարկումը և լուծումը: Մի շարք քաղաքացիներ, ընտանիքներ ցանկացել են այլ տեղ տեղավորվել՝ բարեկամների բնակարաններում կամ իրենց ունեցած այլ բնակարաններում: Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ:

Հաջորդ խնդիրը, որին ցանկանում եմ անդրադառնալ, նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակն է: Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք ամենօրյա դեպքերի՝ 200-ից նվազ ցուցանիշ: Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203 դեպք ենք ունեցել, նաև հետազոտությունների շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938 հետազոտությունից: Իհարկե, պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա:

Ըստ էության, կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամաճարակային կանոնների պահպանման որակի հետ, ինչը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված: Եվ կրկին ցանկանում եմ կոչ անել, խնդրել, որպեսզի մաքսիմալ նախանձախնդիր լինենք հակահամաճարակային կանոնների պահպանման գործում: Մանավանդ մենք կանոնների որոշակի թուլացում ենք ունեցել, այսինքն՝ նկատի ունեմ կանոնները պահպանելը զուտ ֆիզիկապես հիմա ավելի հեշտ է, քան նախկինում:

Ցավոք, երեկվա դեպքի հետևանքով նաև զոհ ենք ունեցել: Մենք ցավում ենք այդ դեպքի համար և ցավակցություն ենք հայտնում գազի պայթյունի հետևանքով զոհի հարազատներին, մտերիմներին և, իհարկե, կորոնավիրուսի հետևանքով մահացած մեր քաղաքացիների հարազատներին: Այս պահի դրությամբ ունենք 864 մահ կորոնավիրուսից և 265 մահ կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում, բայց մահն արձանագրվել է այլ պատճառներով»:

wp-apeth