Սևան ՖԱ. «Սխալվել ենք` առաջադրելով Կարեն Շաբոյանին ՀՖՖ գորկոմի անդամ»

Սևան ՖԱ. «Սխալվել ենք` առաջադրելով Կարեն Շաբոյանին ՀՖՖ գորկոմի անդամ»

«Սևան» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել:

«Հարգելի ֆուտբոլասերներ, մեր նախորդ հայտարարությունում արդեն հայտնել էինք, «Սևան» ֆուտբոլային ակումբի ծրագրերը, որոնք կապված էին Սևան քաղաքում կառուցվող մարզադաշտում թիմը տեղակայելու և այնտեղ մանկապատանեկան դպրոց հիմնելու հետ որոնք ցավոք չիրականացան:

Այդ պատճառով ակումբը պլանավորում է իրականացնել անվանափոխում և ընտրել զարգացման նոր ուղի: Մեր նպատակն է լինելու ունենալ սեփական մարզադաշտ, հիմնադրել մանկապատանեկան դպրոց: Առաջիկայում կտեղեկացնենք մեր ծրագրերի մասին:

Միաժամանակ ուզում ենք անդրադառնալ հայկական ֆուտբոլում կատարվող վերջին մի քանի իրադարձություններին և հայտնել մեր ակումբի դիրքորոշումը:

  • 1.Ողջունում ենք Տիգրան Հակոբյանի և Արմեն Շահգելդյանի ՀՖՖ գործկոմի անդամի գործունեությունից հրաժարվելու քայլը և լիովին ըդնունում ենք այդ քայլի դրդապատճառները:
  • 2.ՀՖՖ գործկոմի մեկ այլ անդամ՝ Կարեն Շաբոյանը, որի թեկնածությունը ՀՖՖ վերջին ընտրություններին մեր ակումբն էր առաջադրել, իր վերջին հարցազրույցում հայտարարել է, մեջբերում ենք.

«Հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հավաքվել է բացառապես ֆուտբոլային գործկոմ: Այսինքն՝ գործկոմի անդամները ֆուտբոլային շահառուներ են՝ ակումբների ներկայացուցիչներ և հիմնադիրներ, մարդիկ, որոնք անմիջական առնչություն ունեն ֆուտբոլի հետ և ներկայացնում են հայկական ֆուտբոլի, ինչպես նաև սեփական շահերը»:

Խնդրում ենք Կարեն Շաբոյանին իր հաջորդ հարցազրույցում նշել, թե քանի անգամ է այս ընթացքում հետաքրքրվել այն ակումբով, որի կողմից նա առաջադրվեց որպես ՀՖՖ գործկոմի անդամ: Թե քանի անգամ է հետաքրքրվել ակումբի առօրյաով, խնդրիներով կամ ծրագրերով:

Ի՞նչ է արել Կարեն Շաբոյանը ակումբի համար՝ ներկայացնելով ակումբը գործկոմում: Փորձե՞լ է արդյոք որևէ կերպ գործկոմի նիստերում անդրադառնալ ակումբի ամենացավոտ հարցին՝ «Սևան»-ի մարզադաշտին, որի շուրջ կառուցված էին ակումբի ծրագրերը և նպատակները: Կամ փորձե՞լ է Կարեն Շաբոյանը գործկոմի նիստերի ժամանակ բարձրաձայնել այն հարցը, թե ինչու ՀՖՖ-ն, չնայած խոստումներին, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից համավարակից առաջացած տնտեսական և ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար ստացված բազմամիլիոնանոց օգնությունից այդպես էլ ոչ մի գումար չտրամադրեց մեր և մյուս ակումբներին, թե ինչու այս տարվա բարձրագույն խմբի թիմերին ՀՖՖ-ն պատրաստվում է տրամադրել 50-ական գնդակներ, իսկ առաջին խմբի թիմերին` ոչինչ: Ուզում ենք նաև հիշեցնել Կարեն Շաբոյանին, որ ի սկզբանե ակումբի կողմից, որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու պատրաստվում էր առաջադրվել ակումբի հիմնադիր և նախագահ Հայկ Գրիգորյանը, սակայն ՀՖՖ ներկայիս ղեկավարության հորդորով և տրված որոշ խոստումներից հետո այդ տեղը զիջվեց Կարեն Շաբոյանին՝ պայմանով, որ վերջինս ամեն կերպ կներկայացնի և կպաշտպանի ակումբի շահերը գործադիր կոմիտեում: Թե ինչ կերպ է կատարել Կարեն Շաբոյանը իր առաքելությունը գործադիր կոմիտեում` մեծ անհամբերությամբ կուզենանք լսել հենց Կարեն Շաբոյանից:

Ամփոփելով հայտնում ենք մեր դիրքորոշումը, որ սխալվել ենք` առաջադրելով Կարեն Շաբոյանին ՀՖՖ գորկոմի անդամ:

Քաջ գիտակցում ենք և ցավում, որ չկա ՀՖՖ բարձրագույն գործադիր մարմնում ակումբի սեփական ներկայացուցչի անգործության համար հետկանչի իրավական ինստիտուտ, բայց միևնույն ժամանակ նշում, որ հարցի լուծման բարոյական կողմը դեռևս ոչ ոք չի չեղարկել: Հետևաբար հորդորում ենք Կարեն Շաբոյանին դադարեցնել ՀՖՖ գործկոմի անդամի իր գործունեությունը, քանի որ նույնիսկ իր թեկնածությունն առաջադրած սեփական ակումբի ճակատագրին և խնդիրներին անտարբերությամբ վերաբերվող անձը` չի կարող որևէ կերպ ներկայացնել ողջ հայկական ֆուտբոլի շահերը»,- նշված է ակումբի ֆեյսբուքի էջում:

wp-apeth