Երկաթգծից 120 մետր ռելս էին գողացել ու բռնվել

Երկաթգծից 120 մետր ռելս էին գողացել ու բռնվել

Օգոստոսի 15-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երթկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից գողացել են 120 մետր ռելս` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, խոսքը տոննաների քաշով երկաթգծի մասին էր: Բայց գործն այնքան աննկատ էր արվել, որ ընկերության աշխատակիցներն անգամ չգիտեին, թե մայիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանկահատվածում ե՞րբ, օրվա ո՞ր ժամին կարող էր կատարվել գողությունը: Վերամբարձ կռունկ էր գործել: 120 մետր ռելսերն, անկասկած, մասնատել ու բեռնատարով էին տեղափոխել, և պետք է որ ականատեսներ լինեին:

Բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվել` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ  են ստացել, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն Չարենցավանի 46 և 44-ամյա երկու բնակիչ: Նույն օրը 46-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին: Պարզվել է` բանվորների օգնությամբ գործը գլուխ բերելուց հետո ռելսերը բեռնատարով տեղափոխել էին Հոկտեմբերյան ու վաճառել:

Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվել է և ի պահ հանձնվել «Հարավ-Կովկասյան երթաթուղի» ՓԲԸ: Հանգամանքները պարզվում են: Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

wp-apeth