Կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար

Կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար

Օրերս քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ ինչ-որ մեկը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանում արտասահմանյան բանկերից մեկին պատկանող բանկոմատներից 2019-2020 թվականների ընթացքում կանխիկացման միջոցով կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«Ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկեցինք ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում համագործակցեցինք բանկի համապատասխան ծառայության աշխատակիցների հետ։ Պարզեցինք այն բանկոմատների տեղակայման վայրերը, որոնցից բանկային կեղծ քարտերով գումար էր հափշտակվել։

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` օպերատիվ տվյալներ ստացվեցին հափշտակությունները կատարելու մեջ կասկածվող անձի վերաբերյալ։ Ճշտեցինք կասկածյալի ինքնությունը, նաև տեղեկություններ ստացանք, թե օգոստոսի 13-ին որ բանկոմատից է հնարավոր կատարի կանխիկացում», – նշեց ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Տիգրան Փափազյանը։

Օգոստոսի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կանխիկացման փորձ կատարելիս տղամարդուն բռնեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն։ Երևանի 30-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 3 կեղծված պլաստիկ քարտ և կանխիկ գումար։

Փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ նա միայն հուլիս-օգոստոս ամիսներին նշված բանկի բանկոմատներից պլաստիկ կեղծ քարտերի օգնությամբ հափշտակել է շուրջ 7.500.000 դրամ։ Պարզվել է նաև, որ քարտերը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ պատրաստվել են ԱՄՆ-ում ու բերվել Հայաստան, և նա դրանք տեղադրելով բանկոմատներում ու հավաքելով համապատասխան ծածկագրեր՝ կանխիկացրել է տարբեր չափերի գումարներ։

«Փաստի առթիվ քրեական ոստիկանության գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ առանձնապես խոշոր չափերով», – նշեց ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Տիգրան Փափազյանը։

Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։ Երևանի 30-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։

wp-apeth