Համավարակի հաղթահարման փուլը շարունակվում է

Համավարակի հաղթահարման փուլը շարունակվում է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգում ներառված հարցերի քննարկումը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները:

«Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակում, որի մասին մենք վերջին մի քանի շաբաթներին խոսում ենք: Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ավելի ցածր է: Եվ այն տրամաբանությունը, որ ունենք ռեալ հնարավորություն այս թվերն իջեցնելու՝ մնում է ուժի մեջ:

Մենք նաև ունենք դրանից բխող թեթև վիճակ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային համակարգում թե՛ սովորական մահճակալների, թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով, ինչպես նաև ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թվի նվազում»,-ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը նշել է, որ համավարակի հաղթահարման փուլը շարունակվում է և սահմանված կանոններն արդյունքներ տալիս են. «Մենք հույս ունենք, որ տեմպը կշարունակվի: Իհարկե, ես չեմ կարծում, որ մենք պետք է զրո թվին մոտենալու նպատակ դնենք մեր առաջ: Հավանաբար ինչ-որ թվի շրջանակում պահելը՝ 50-100-ի, մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի այն իմաստով, որ շատ դժվար է լինելու հասնել այդ զրոյին՝ նման կանոնները միայն պահելով: Այսինքն՝ սովորել կորոնավիրուսի հետ ապրելու իմաստով»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է հետագծել կառավարության գործողությունները՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված: «Ապրիլ ամսին, երբ գործնականում երկու ամսվա խիստ սահամանափակումների ռեժիմում էր ապրում երկիրը, մենք արձանագրեցինք երկու բան. առաջինը՝ սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են, ապրիլին մենք 50 000 աշխատատեղի կրճատում ունեցանք: Մյուս կողմից՝ մենք տեսնում էինք, որ, այնուամենյանիվ, ինչքան էլ երևացող հատվածներում կամ առերևույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր է լինում պահել, ամբողջ հանրապետության տարածքում, մասնավորապես, ոչ շատ տեսանելի հատվածներում կանոնները ոչ մի կերպ չեն պահվում: Հիշում եք՝ երբ վերլուծում էինք նոր դեպքերը, արձանագրում էինք բնակավայրի հասցեների կուտակումներ: Այսինքն՝ մենք տեսնում էինք, որ նոր դեպքերը կուտակված են բնակավայրի կոնկրետ հասցեներով: Սա նշանակում էր, որ երբ մենք երևացող հատվածներում առերևույթ ինչ-որ հակահամաճարակային կանոններ պահում ենք, այնուամենայնիվ, մարդիկ իրենց բնակության տարածքում՝ շենքերում, թաղամասերում և այլն, այդ կանոնները չեն պահում: Այսինքն՝ առաջնաբեմում ինչ-որ կանոններ պահելով, ետնաբեմում իրավիճակը չի կառավարվում:

Եվ մյուս կողմից՝ մենք եկանք այն արձանագրման, որ անհնար է առանց քաղաքացիների ներգրավվածության և շահագրգռվածության, պատասխանատվության կիսման, այդ խնդիրը լուծել: Պետք է նաև արձանագրենք, որ ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում այս խնդիրները կարգավորելու համար: Եվ մենք եկանք այն եզրակացության, և դա նաև մեզ համար գաղափարաբանական հարց էր, որ կառավարությունը, այո՛, իր պատասխանատվության հատվածքը պետք է կրի, բայց հնարավոր չէ հակահամաճարակային իրավիճակը որոշակիորեն պահել՝ առանց քաղաքացիների մասնակցության»,-ասել է վարչապետը՝ նշելով, որ կառավարությունը հստակ խնդիր է դրել. պետք է քաղաքացիներին ուղիղ ներկայացնել իրավիճակը և որևէ քաղաքացի չպետք է առանց պատշաճ բուժօգնության մնա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում կառավարությունը և առողջապահության նախարարությունը գործնականում արել են համարյա անհնարինը և հատկացված գումարները ծախսվել են նպատակային և ադյունավետ: «Բայց հիմա որն է ամենամեծ պրոբլեմը: Ամենամեծ պրոբլեմը հետևյալն է, որ մենք, իրոք, այս խնդիրն արմատապես լուծելու շանս ենք ստացել: Ես ուզում եմ ընդգծել նաև ոստիկանության շատ կոշտ աշխատանքն այս ընթացքում: Այսօր ի՞նչ է տեղի ունենում. այս թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք: Սա նշանակում է, որ թվերի նվազման մասին ուղերձը մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Եվ մեր մեծագույն խնդիրն այն է, որ եթե մենք հիմա այս իրավիճակը ճիշտ չգնահատենք, մենք դարձյալ կարող ենք հետ գլորվել հուլիսի իրավիճակին: Միանշանակ է, որ մենք այսօր ունենք շանս արմատապես այս խնդիրը լուծելու: Տեսնում ենք, որ աշխարհի շատ երկրներում այսօր նորից սկսել է, այսպես ասած, երկրորդ ալիքը: Եվ նույնիսկ կան երկերներ, որոնք պաշտոնապես՝ ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ իրենք հաղթահարել են կորոնավիրուսը, բայց հիմա իրենք ստիպված են վերադառնալ ամենախիստ սահամանափակումների ռեժիմին»,— ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր ունենք աշնանն ընդհանրապես բոլորովին ուրիշ վիճակում գտնվելու հնարավորություն: «Ըստ էության լինել հաղթահարած վիճակում, անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի: Դա կլինի այդպես, եթե մենք մեր ռազմավարությունը շարունակենք ճիշտ իրագործել՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ: Ինչ է դա նշանակում, եթե բոլոր մնացած բարդ տերմինները հանենք, դա նշանակում է մեկ բան՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն: Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, կարող ենք համարել, որ գործնականում մենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք: Մենք ասելով՝ նկատի ունեմ քաղաքացիներին, մեզ բոլորիս»,-ասել է կառավարության ղեկավարը:

wp-apeth