«Իրական դպրոցը» Գյումրիում հայտարարում է ընդունելություն 20/21 ուսումնական տարվա համար «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ

«Իրական դպրոցը» Գյումրիում հայտարարում է ընդունելություն 20/21 ուսումնական տարվա համար «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ

«Իրական դպրոցը» Գյումրիում հայտարարում է ընդունելություն 2020-2021 ուսումնական տարվա համար «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ: «Իրական դպրոց» կարող են ընդունվել իններորդ դասարանն ավարտած աշակերտները:

«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2016 թվականին: Այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է: Իրականացնում է «համակարգերի տեսություն» (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր:

2018 թվականի սեպտեմբերին դպրոցը մասնաճյուղեր է բացել Գյումրի և Վանաձոր քաղաքներում, 2019 թվականի սեպտեմբերից` նաև Գորիս քաղաքում:

Ուսումնառության ընթացքում ուսանողները ստանում են կրթություն համակարգաբան (Systems Engineer, Systemologist) մասնագիտությամբ` տնտեսական, քաղիրավական և կրթամշակութային ոլորտներում:

Ուսումնառության առաջին տարին նվիրված է ընդհանուր նշանակության` ազատ արվեստների (Liberal Arts) դասընթացին․ ուսանողները հայթայթում եւ սեփական ձեռքով պատրաստում են անհրաժեշտ պարագաները, ուսումնասիրում են աշխարհի եւ քաղաքակրթության պատմությունը, այցելում եւ կազմակերպում են ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ, հողագործական և շինարարական աշխատանք, ճամփորդում են:

Ուսման երկրորդ տարվանից նախատեսվում է աշխատանքային ուսնակություն տարբեր ընկերություններում: Առաջին երկու տարիները ներառում են հանրակրթական ավագ դպրոցի 10֊րդ֊12֊րդ դասարանների ուսումնական ծրագիրը, ինչպես նաեւ ազգագրական պար, երգ, վայելչագրություն, դասական հայերեն` գրաբար, ծրագրավորման հիմունքներ: Հաջորդ տարիներին ուսանողները ստանում են մասնագիտական կրթություն, որն իրականացվում է նախագծահեն ուսուցման կերպով:

Ուսումնառության ընթացքում ուսանողները մասնակցում են ռազմամարզական հավաքների եւ ստանում նախնական զինվորական պատրաստության հմտություններ եւ գիտելիքներ:

Ուսումնական ծրագիրն իրականացվում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» եւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից: Գործունեության առաջին քառամյակը իրականացվել է ՀՀ ԿԳՆ համագործակցությամբ` Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի արտոնագրով:

Մասնագիտությունը ներառում է գիտելիքներ Համակարգերի մեքենայական կառավարման (Industrial Control Automation), Մեքենայական նախագծման (Computer Aided Design), բանակավարության (Logistics), համակարգերի ընդհանուր տեսության (General Systems Theory) եւ հարակից ոլորտներից: Ուսումնական գործընթացի մեծ մասը նվիրված է կիրառություններին` ռոբոտաշինության եւ անօդաչու թռչող սարքերի (UAV) նախագծման, կառուցման եւ կառավարման, դյուրակիր սարքերի (Mobile Devices) եւ համացանցային հավելվածների (Web Application) նախագծման, կառուցման եւ ծրագրավորման, փաստաթղթաշրջանառության եւ հանձնարարականների կառավարման համակարգերի (CRM, CMS) նախագծման, ստուգման, սպասարկման եւ շահագործման ոլորտներում:

«Իրական դպրոցն» աշխատում է իրական նախագծերի վրա` ոլորտում գործող կազմակերպությունների հետ միասին, որոնք տեղակայված են նույն շենքում եւ հովանավորում են դպրոցի գործունեությունը:

Այժմ դպրոցում սովորում են թվով 161 ուսանողներ, որից 22 ուսանող սովորում է Գյումրու մասնաճյուղում, 20 ուսանող` Վանաձորի մասնաճյուղում եւ 3 ուսանողներ ուսումնառություն են ստանում Գորիսի մասնաճյուղում: Այս պահին պարտադիր զինվորական ծառայության են մեկնել դպրոցի  14 ուսանողներ Երեւանից եւ Գյումրիից:

2019-20 ուսումնական տարվա ավարտին դպրոցն ավարտեցին 9 ուսանողներ, ովքեր արդեն իսկ ունեն աշխատանքի առաջարկներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից:

Ընդունելության և ուսումնառության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 093 360 573, 093 777 324 համարներին կամ գրել ֆեյսբուքյան էջին: Ընդունելությունն անցկացվում է մի քանի փուլով, տարբեր առաջադրանքների միջոցով: Հանձնարարվում են նաև ընթերցանության նյութեր հայ եւ արտասահմանյան գրականությունից: Դիմելու վերջնաժամկետն է օգոստոսի 26-ը:

wp-apeth