Մարտավարության փոփոխություն. ախտորոշումներ կիրականացվեն ռիսկային որոշ տեղերում

Մարտավարության փոփոխություն. ախտորոշումներ կիրականացվեն ռիսկային որոշ տեղերում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նիստը սկսել է Լիբանանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին սփոփանքի ու զորակցության խոսքերով՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Հարգելի գործընկերներ, կրկին ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նոր տեսակի կորոնավիուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար թուլանում է, բայց բացարձակ թվերն ամենօրյա՝ նոր դեպքերի հայտնաբերման, շարունակում են բարձր մնալ: Բայց հիմա մենք ունենք որոշակի վստահություն, որ հայտնաբերելիությունը դեպքերի լավացել է, բարձրացել է, որովհետև, եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում են 15 տոկոսի, պլյուս-մինուս 1-2 տոկոս, շրջանում, ինչը նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք: Մենք այս առումով մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել: Եթե նախկինում հոսքերը մեծ էին, և մենք, ըստ էության, պասիվ սպասում էինք, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում, և Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի, և ռիսկային որոշ տեղերում մենք սեփական նախաձեռնությամբ ախտորոշումներ կիրականացնենք», — ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սա կլինի այն ձևը, որը հնարավորություն կտա հաղթահարել համաճարակը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ հայտնաբերված դեպքերը պետք է լինեն այնքան, որ կազմեն թեստավորված դեպքերի ոչ ավելի, քան 10 տոկոսը։ «Դժբախտաբար ունեցել ենք ժամանակ, երբ 30-ից ավելի տոկոս է եղել, սակայն դրանից հետո կայուն անկում ունենք մինչև 15 տոկոս, և հույս ունենք, որ կհասնենք այդ 10 տոկոսին: Դրան հասնելու համար մենք ռիսկային խմբերում՝ փակ հաստատություններում, բնակչության շրջանում, կոլեկտիվներում հետազոտություններ կիրականացնենք։ Դրանց մեջ են մտնում սուպերմարկետները, ֆաբրիկաները, փակ հաստատություններ, հոգեկան առողջության կենտրոնները, բանկերը, թաղապետարանները և այլն։ Այսինքն, եթե նրանցից մեկի մոտ թեստը դրական է, չենք սպասում մյուսների մոտ սիմպտոմներ ի հայտ գան՝ բոլորին թեստավորում և արագ հայտնաբերում ենք։ Օրինակ՝ օրերս հետազոտել ենք հոգեկան առողջության կենտրոններից մեկը՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք ենք հայտնաբերել, որոնք որևէ սիմպտոմ, գանգատ չեն ունեցել»,-ասել է նախարարը:

Վարչապետը նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 131: «Ծանր դեպքերի պիկը եղել է հուլիսի 9-ին ՝ 572 դեպք: Տեսնում ենք, որ էականորեն թվերը նվազել են: Այս ամենն ասում եմ կրկին անգամ ընդգծելու, որ միանշանակ մեր վերլուծությունը ցույց է տալիս՝ մենք նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ: Եվ հետևաբար այսօր մեր ուղերձը հստակ է՝ հակահամաճարակային բոլոր կանոնները, որոնք սահմանված են, պետք է պահպանվեն խստագույնս, և այդ կանոնների կուլմինացիան դիմակների պարտադիր կրումն է և՛ բաց, և՛ փակ տարածքներում, և, իհարկե, սոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերի պարբերաբար ախտահանումը:

Ոստիկանությունը շարունակում է նույն խստությամբ հետևել դիմակների կրման կանոններին: Ես ուզում եմ ասել մեր բոլոր սիրելի հայրենակիցներին, ովքեր տհաճություն են ունենում դիմակ չկրելու պատճառով տուգանվելու արդյունքում, հետևանքով, դրա համար կա շատ պարզ ձև չտուգանվելու՝ ուղղակի կրել դիմակ և դիմակը կրել սահմանված ձևով, որովհետև եթե մենք այս ճանապարհով չգնանք, այս հաջողության հնարավորությունն աներկբա ձեռքից բաց ենք թողնելու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

wp-apeth