Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 6-ի

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 6-ի

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեսյբուքի իր էջում գրել է, որ Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։

«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։ Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ»,- գրել է Նաղդալյանը:

Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով  78  մարդու կյանք է խլել, որոնց մեջ 5 հայ կա: Ավելի վաղ «Արևելք» պարբերականը հայտնել էր քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին:

Համազգայինի Փալանճեան-Արսլանեան ճեմարանի շրջանավարտների  միությունը հայտնել է իր 2007-ի շրջանավարտներից Ժակ Բարամագյանի մահվան մասին:  Երիտասարդ հայ տղան զոհվել է օգոստոսի 4-ին՝ Բեյրութի նավահանգիստի պայթյունի հետեւանքով:

Զոհվել է նաեւ Դելիա Փափազյանը: Վերջինս երկու երեխաների մայր էր, բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում: Հայտնի է դարձել եւս մեկ հայ զոհի՝ Վարուժան Թոսունյանի մասին:

wp-apeth