Նախնական տեղեկությունով մեկ հայ է զոհվել Բեյրութում պայթյունի հետևանքով

Նախնական տեղեկությունով մեկ հայ է զոհվել Բեյրութում պայթյունի հետևանքով

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նախնական տեղեկություններով Լիբանանում պայթյունի հետևանքով ազգությամբ մեկ հայ է զոհվել։

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց»,- գրել է Նաղդալյանն ու հավելել, որ պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:

  • Արևելքի հաղորդման համաձայն՝ զոհվածը լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանն է։
  • Նշենք, որ օգոստոսի 4-ին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Կան աղբյուրներ, որոնք նշել են նաև երկրորդ պայթյունի մասին:
  • Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Համադ Հասանը լիբանանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:
  • Reuters գործակալությունը, հղում անելով անվտանգության և առողջապահության ոլորտի լիբանանյան աբյուրներին, հայտնում է, որ Բեյրութի նավահանգստի շրջանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո առնվազն 10 դի է տեղափոխվել հիվանդանոցներ:
  • Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
  • Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։

Ֆեյսբուքի իր էջում զոհերի մտերիմներին ու հարազատներին իր ցավակցությունն է հայտնել նաև Նիկոլ Փաշինյանը:

wp-apeth