Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրը բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 300 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 116 աշխատատեղ, կստեղծվի ևս 30 նոր աշխատատեղ` 115,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 500 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 300 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 23.5 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն նաև «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները: Մասնավորապես, «Շարոսոլար» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար, կառուցելու է արևային կայան։ Կայանը կառուցվելու և շահագործվելու է Արագածոտն մարզի, Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի Կաթնաղբյուր գյուղում։ Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շնորհած էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա՝ մինչև 2041 թվականի փետրվար 1-ը գործողության ժամկետով։ Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար և 1 մլրդ 350 մլն դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 6 հիմնական և 40 ժամանակավոր նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 249 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28 մլն դրամ:

Այլ որոշումներ

Կառավարությունն ընդունել է «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» որոշում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, այնուհետև տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Խնդիրն այն է, որ խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման շրջանակում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղաքացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որի վճարումը քաղաքացիների կողմից համարվում է ոչ իրատեսական: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան նշել է, որ կարգավորումը վերաբերելու է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված գործարքներին:

wp-apeth