«Դատարանը բոլոր հիմքերը կունենա մերժելու Լոռեցյանի կալանքի ժամկետն երկարաձգելու միջնորդությունը». Գևորգ Լոռեցյանի պաշտպան

«Դատարանը բոլոր հիմքերը կունենա մերժելու Լոռեցյանի կալանքի ժամկետն երկարաձգելու միջնորդությունը». Գևորգ Լոռեցյանի պաշտպան

«AM» իրավաբանական ընկերությունն երեկ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշված էր. «ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքի մի մասը քննիչի որոշմամբ վերացվել է: Լոռեցյանն այլևս չի մեղադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում), փոփոխված մեղադրանքի համաձայն նվազել է նաև Գևորգ Լոռեցյանին վերագրված կաշառքի գումարի չափը և այժմ էլ այն կազմում է իբր 2.000.000 ՀՀ դրամ գումար»:

Մեզ հետ զրույցում Գևորգ Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը նշեց, որ այս պահին այլ տեղեկություն չի կարող հաղորդել ու հավելեց, որ նախաքննությունը շուտով կավարտվի, հետևաբար իրենց ձեռքի տակ կլինեն գործի հետ կապված բոլոր փաստաթղթերը:

Այս ընթացքում մի քանի անգամ երկարաձգվել է Գևորգ Լոռեցյանի կալանքի ժամկետը: Մոտակա օրերին քննիչը կրկին դիմելու է դատարան նույն հարցով: Պաշտպանի խոսքով այս պահին տրամաբանությունից դուրս է խոսել գործի ընթացքին խոչընդոտելու մասին, հետևաբար, ըստ Սահակյանի, դատարանը բոլոր հիմքերը կունենա մերժելու Լոռեցյանի կալանքի ժամկետն երկարաձգելու միջնորդությունը:

wp-apeth