Կլուծվի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը

Կլուծվի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: 

Ներդրումային-սոցիալական ծրագրի իրականացման արդյունքում կլուծվի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը

Գործադիրն ընդունել է ներդրումային-սոցիալական ծրագրին հավանություն տալու, «Նոբբի» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին որոշում: Ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Աջափնյակ թաղամասում իրականացվող ներդրումային-սոցիալական ծրագիր: Արզումանյան փողոցի 8/1 հասցեի հողամասը սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը, այն գտնվում է նույն Արզումանյան փողոցի 8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի հարևանությամբ: Արդեն մի քանի ամիս է ընկերությունը տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն իրականացնում է բնակելի շենքի կառուցապատում: Ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենք: Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200.0քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին՝ վերաբնակեցնելու նպատակով: Ընկերությունը պարտավորվում է նաև օտարվող հողամասի սահմաններում նախատեսվող բազմաբնակարանային շենքային համալիրի կառուցապատումից հետո Երևան համայնքին տրամադրել 800.0քմ մակերեսով բնակելի տարածք, սեփական միջոցների հաշվին իրականացնել Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժման աշխատանքներ, որից հետո շուրջ 350.0քմ մակերեսով հատվածը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ և նվիրել Երևան համայնքին:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը փորձում է ներդնել վթարային շենքերի բնակիչների հարցերը լուծելու մեխանիզմ: «Եթե այս նախագիծն աշխատի՝ կնշանակի, որ մենք գործընթացը սկսել ենք և պատկերացում ունենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծենք: Երկար ժամանակ քննարկում էինք, խնդիրն այն էր, որ պետք է նաև ներդրողների կողմից հետաքրքրություն լիներ: Հիմա շատ ուրախ եմ արձանագրել, որ այդպիսի առաջին գործնական, կոնկրետ հետաքրքրությունն ունենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ խնդիրն այն է, որ Երևանը ներդրողների համար ավելի գրավիչ է, քան մարզերը. «Բայց մենք պետք է աշխատենք, որպեսզի մարզերում այդ գործընթացը նույնպես գրավիչ դարձնենք: Հույս ունենք, որ այս գործընթացը կընդլանվի, կհայտնվեն նոր հետաքրքրություններ, նոր ներդրողներ, որի արդյունքում վթարային շենքերի ահագնացող պրեբլեմը ՀՀ-ում կսկսվի լուծվել»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 5 հասցեում գտնվող 1333.6 քառ.մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.044121 հեկտար մակերեսով հողատարածքը հետ է վերցվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից և ամրացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշմամբ նախատեսվում է նաև Կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում գտնվող 2418.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.23824 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից և ՀՀ պետբյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու անհրաժեշտությունից։ Մոսկովյան 13 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդգրկված է եղել օտարման ենթակա անշարժ գույքի ցանկում։ Այդ հասցեում գտնվող անշարժ գույքը դեռևս խորհրդային շրջանից օգտագործվում է որպես պոլիկլինիկա, որից սպասարկվող բնակչության թիվը կազմում է 15787 մարդ, ուստի բուժհաստատության գործունեության տեղափոխումը այլ վայր կառաջացնի անհարմարություն սպասարկվող բնակչության համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է նաև «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակազմը տեխափոխել Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենք՝ հետագա գործունեության համար։

Օրենսդրական նախաձեռնություններ. նախատեսվում է բարձրացնել սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը

Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջով: Նախագծերով առաջարկվում է, մասնավորապես, լիցենզավորել հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով: ՀՀ կառավարությանն օրենքով կտրվի լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը: Կսահմանվեն վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին: Արդյունքում կկարգավորվեն ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացները: Կբարձրանա նաև այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորումը և գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը:

Հավանությանն է արժանացել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին՝ տեխնիկական զննության գործընթացում առկա խնդիրների կարգավորման հրատապությամբ պայմանավորված: Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու օրինագծերով առաջարկվում է տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը հանել, վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով: Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում գործում է 40 տեխնիկական զննության կայան: Ստեղծված է միասնական էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս վարելու տեխնիկական զննություն անցած և սարքին ճանաչված տրանսպորտային միջոցների ռեգիստր՝ պարունակելով տվյալներ տեխնիկական զննության անցկացման ժամի, հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Շտեմարանի տվյալները հասանելի են նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը: Տեխնիկական զննության արատորոշման քարտը ներառում է անհրաժեշտ տեղեկատվությունը տրանսպորտային միջոցի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ: Այն նաև տպագրվում և տրամադրվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ տնօրինողին: Ուստի դրա առկայությունը բավարար է տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար:

wp-apeth