ՀՖՖ-ն ստացե՞լ է «Անիի», «Դիլիջանի», «Վեստ Արմենիայի» և «Սևանի» վերաբերյալ զեկույցներ, թե` ոչ. ՀՖՖ-ի պատասխանը

ՀՖՖ-ն ստացե՞լ է «Անիի», «Դիլիջանի», «Վեստ Արմենիայի» և «Սևանի» վերաբերյալ զեկույցներ, թե` ոչ. ՀՖՖ-ի պատասխանը

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն օրեր առաջ որոշում էր կայացրել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երեւան» ֆուտբոլային ակումբների, ինչպես նաեւ ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին:  Համացանցում տեղեկություն տարածվեց, որ ՀՖՖ-ն պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ զեկույցներ է ստացել նաև Առաջին խումբը ներկայացնող «Անի», «Դիլիջան», «Վեստ Արմենիա» և «Սևան» թիմերի հետ կապված: Մասնավորապես «Ռեդ Իդլզ» ֆան շարժման ներկայացուցիչնրից Դենիս Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ իր ձեռքում են հայտնվել ՀՖՖ-ին՝ ՈւԵՖԱ-ի կողմից ուղարկված զեկույցներն՝ Առաջին լիգայի կասկածելի հանդիպումների վերաբերյալ։

«Այս անգամ իմ ձեռքում է հայտնվել ՀՖՖ-ին՝ Ուեֆայի կողմից ուղարկված report-ներն՝ առաջին լիգայի կասկածելի հանդիպումների վերաբերյալ։ Ինչպես տեսնում եք, այնտեղ կան Անիի, Դիլիջանի և Վեստ Արմենիայի վերաբերյալ զեկույցներ։ Ստացվում է, որ Ուեֆան ՀՖՖ-ին տեղեկացրել է այս ակումբների վերաբերյալ կասկածները, բայց չգիտես ինչու ՀՖՖ-ն այդ ակումբներին թողել է անպատիժ։ Հարց է ծագում, ինչն է կապում այդ ակումբներին և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային: Հասկանալի պատճառներով այս պահին զեկույցների բովանդակությունը չեմ հրապարակում»,- գրել էր Սարգսյանը և հավելել, որ պատրաստ է ՀՖՖ-ին օգնել, որպեսզի պարզեն, թե ինչպես է այս զեկույցները հայտվել իմ ձեռքում:

Տեղեկատվությունը և հարցի հետ կապված մի շարք հարցերի պաստասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՖՖ: Մասնավորապես ցանկանում էինք հասկանալ՝

  • Արդյոք տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը: Եթե այո, ապա զեկույցները ՀՖՖ-ն մինչև վերոհիշյալ որոշու՞մն է ստացել, թե՞ դրանից հետո: Եթե մինչև որոշումն է ստացել, ապա ինչո՞ւ այդ մասին չի նշվել մինչև հիմա և ե՞րբ է այն բերվելու օրակարգ, եթե որոշումից հետո է ստացել, ապա պատրաստվու՞մ է ՀՖՖ-ն հարցը բերել օրակարգ: 
  • Խնդրել էինք նշել ՈւԵՖԱ-ից ուղարկված պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ զեկույցների ժամկետները (խոսքը վերաբերում է Առաջին խմբի 19/20 թթ մրցաշրջանին): Ե՞րբ է ՀՖՖ-ն առաջին անգամ ստացել նման զեկույց(ներ) ու ո՞ր ակումբների հետ կապված և ե՞րբ է ստացել վերջին զեկույցը(ները) ու ո՞ր ակումբների հետ կապված: 
  • Խնդրել էինք նշել, որ այս ընթացքում  (խոսքը վերաբերում է Առաջին խմբի 19/20 թթ մրցաշրջանին) ՀՖՖ-ն քանի՞ ակումբի հետ կապված է ՈւԵՖԱ-ից կամ մեկ այլ կառույցից պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ զեկույցներ ստացել և որո՞նք են այդ ակումբները: 

ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից ստացանք հետևյալ պատասխանը՝

  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լիովին վերահսկում է իրավիճակը՝ կապված կասկածելի կամ պայմանավորված խաղերի հետ:
  • ՀՖՖ-ն բազմիցս հայտարարել է, որ ՀՖՖ փորձագիտական կոմիտեի աշխատանքը շարունակական է։ Կոմիտեն անընդհատ իրականացնում է վերլուծական գործունեություն՝ իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունների հիման վրա:
  • Համացանցում հրապարակված որևէ տեղեկատվություն երբևէ չի կարող հիմք հանդիսանալ որևէ ակումբի նկատմամբ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու կամ խաղերի արդյունքը մանիպուլյացիայի ենթարկելու մեղադրանքով կարգապահական վարույթ հարուցելու և ակումբին տույժ-տուգանքի ենթարկելու համար։ Այսպիսով, ցանկանում ենք նշել, որ BFDS զեկույցները մեր ունեցած տեղեկությունների ընդամենը մի մասն են կազմում և չեն կարող համարվել հիմնավոր ապացույց:
  • ՀՖՖ-ն մշտական կապի մեջ է ինչպես ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժինների և փորձագետների, այնպես էլ բուքմեյկերական շուկայական տատանումները վերլուծող միջազգային և տեղական գործակալությունների և, բնականաբար,  իրավապահ մարմինների հետ: 
  • Բացի այդ, տեղեկացնում ենք նաև, որ մեր ունեցած բոլոր տեղեկություններն արդեն փոխանցել ենք ՀՀ իրավապահ մարմիններին, որոնք նույնպես իրավասու են գործին ընթացք տալ:
wp-apeth