Ոստիկանությունը, որևէ բանավոր խոսքի վրա հիմնվելով, չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի

Ոստիկանությունը, որևէ բանավոր խոսքի վրա հիմնվելով, չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է ծավալվել: Միայն երեկվա դրությամբ, մեկ օրվա արդյունքներով՝ աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերը գերազանցել են 100000-ը, և ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը: Եվ երկրներ, որոնք հայտարարել էին, որ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, վերադառնում են, ցավոք, կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ: Ցանկանում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ, ըստ էության, հաստատված է համարում, որ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա, ըստ էության, այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, կամ, գուցե մի փոքր ավելի շուտ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք, և այս առումով էր հատկապես կարևորվում դիմակների կրումը, այդ թվում բաց տարածքներում: Ցանկանում եմ ասել, որ Հայաստանում նույնպես շարունակում է համաճարակը ծավալվել. երեկ 526 դեպք ենք ունեցել, կորոնավիրուսից մեր մահերի թիվը, ցավոք, հասել է արդեն 535-ի, ևս 170 քաղաքացի մահացել է այլ պատճառներով, բայց վարակված է եղել կորոնավիրուսով:

Եվ ես կրկին ցանկանում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյին: Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ երեկ պարետը որոշում է ստորագրել, որով փոփոխություններ է մտցրել դիմակի կրման կանոնների մեջ: Մասնավորապես, մի շարք հիվանդություններ ունեցող անձանց համար բացառություններ են սահմանվել: Երեկվանից այս որոշումը բավական լայն քննարկման առարկա է դարձել, և կան տեսակետներ, որ պարզապես քաղաքացիները, այդ որոշումից օգտվելով, զանգվածաբար կխուսափեն դիմակներ կրելուց:

Պարոն Ավինյան, ես կցանկանայի, որ Դուք ևս մեկ անգամ պարզաբանեիք՝ ոչ միայն այն փաստը, որ դա վերաբերում է միայն կոնկրետ հիվանդություն ունեցող անձանց, այլև դա փաստաթղթով պետք է հիմնավորված լինի, այսինքն՝ բանավոր խոսքի վրա չի կարող հիմնվել, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը պիտի կիրառի սահմանված տուգանքները: Ընդ որում՝ տուգանքների հետ կապված նույնպես, հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել: Այո՛, մենք ասում ենք, որ այդ թվում՝ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և այս ճանապարհին մենք շատ հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում՝ նաև ներդնելու ենք նոր խստացումներ: Եվ մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակ կրեն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ: Եվ մենք պետք է ապահովենք, քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ նաև հանրային կոմունիկացիայով: Պարոն Ավինյան, ես կցանկանայի որոշ մանրամասներ ներկայացնեք և պարզաբանեք երեկվա որոշումը:

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյան– Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ: Որոշումը կապված է եղել խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցող անձանց դիմակ կրելու հետ, և դա որոշակի խնդիրներ է առաջացրել: Այդ պատճառով Առողջապահության նախարարության հետ խորհրդակցելով՝ որոշում է կայացվել բաց տարածքում որոշ հիվանդություններ ունեցողների համար դիմակ կրելու պարտադիր պահանջը հանել: Այդպիսի հիվանդություններն են խրոնիկ շնչառական հիվանդությունները՝ ասթման, թոքերի խրոնիկ աբստրուկտիվ հիվանդությունը, նեմֆիզեման կամ բրոնխիտը, ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև երրորդ, չորրորդ ֆունկցիոնալ դասի խրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթղթեր: Եվ այդ բժշկական փաստաթղթերի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի ոստիկանությունը հստակ իմանա, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Որպեսզի այս որոշման չարաշահման հնարավորություններ թույլ չտանք, պետք է բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն նման հիվանդություններ, կրկնեմ՝ միայն բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթն իրենց մոտ ունենան, որովհետև ոստիկանությունը հենց դա է ստուգելու: Ընդհանուր առմամբ՝ այսքանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն Ղազարյան, այսինքն՝ ոստիկանությունը, որևէ բանավոր խոսքի վրա հիմնվելով, չի կարող դիմակ չկրելու փաստը համարել հարգելի:

Ոստիկանապետ Վահե Ղազարյան – Լսում եմ, պարոն վարչապետ:

wp-apeth