Վիճակը՝ կայուն ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա

Վիճակը՝ կայուն ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Պարոն Թորոսյան, մենք, իհարկե, այս ընթացքում հաճախ ենք քննարկում, որ կորոնավիրուսի համատեքստում որևէ պոզիտիվ լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ մարտավարություն չի, որովհետև ինչ-որ առումով թուլացնում է մարդկանց զգոնությունը, բայց, այնուամենայնիվ, նաև պարտականություն ունենք մեր քաղաքացիներին իրազեկելու: Ես կցանկանայի՝ Դուք տեղեկություններ տայիք համակարգի ծանրաբեռնվածության մասին: Ցանկանում եմ հիշեցնել, հարգելի գործընկերներ, որ մոտավորապես 20 օր կամ, ավելի ճիշտ, մեկ ամիս մենք ունեինք, այսպես ասած, տանը սպասող հիվանդների ինստիտուտ — իհարկե, նրանք համեմատաբար թեթև դեպքեր են – այնուամենայնիվ, ինչ-որ ժամանակ ստիպված էին տանը սպասել, որպեսզի հնարավոր լիներ հոսպիտալացնել: Պարոն Թորոսյան, Դուք երեկ, նաև այսօր առավոտյան ինձ ասել եք, որ այդ առումով փոփոխություն ունենք: Կխնդրեի ներկայացնեք այդ տվալները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Այո, մեր տրիաժ կենտրոն հայտնած և տանն սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք, այսինքն՝ 0 է թիվը, և ամենօրյա վիճակագրությունն ամեն դեպքում բացասական միտում ցույց չի տալիս: Նաև այն քաղաքացիների շատ փոքր թիվ ունենք, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ: Նրանց թիվը, առավոտյան ժամը 09:00-ի դրությամբ, 13 է և օրվա ընթացքում տատանվում է մոտավորապես այդ թվի շուրջ: Այս թվերը նշանակում են, որ պատշաճ բուժօգնության կարիք ունեցող բոլոր քաղաքացիներին այդ բուժօգնությունը մատուցվում է համապատասխան հաստատություններում: Համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար: Մենք պետք է շարունակենք ծավալված բոլոր հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը և շարունակենք ծավալումը: Նոր ծավալումներ լինելու են մոտակա թե՛ շաբաթներին, թե՛ ամիսներին: Բայց, եթե 1-2 բառով ասեմ, վիճակը մնում է կայուն, բայց ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց արձանագրենք նաև, պարոն Թորոսյան, որ վիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի, որովհետև, ցավոք, մենք չենք կարող վստահաբար նշել, որ վաղը, մյուս օրը նույնքան կայուն կմնա իրավիճակը, և, հետևաբար, թվերի փոփոխությունից շղթայական նեգատիվ զարգացում չենք ունենա:

Ես ցանկանում եմ արձանագրել, որ վերջին շրջանում մենք ծավալվեցինք փաստորեն Սպիտակում, Մարտունիում, առաջիկայում սպասում ենք վերակենդանացման նոր բաժանմունքների բացում Էրեբունի բժշկական կենտրոնում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Ես ամբողջությամբ թվարկեցի՞՝ Սպիտակ, Մարտունի:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, Սպիտակն ամբողջությամբ արդեն ծավալված է, և ծավալված 120 մահճակալները գրեթե ամբողջությամբ զբաղված են: Դա նոր ծավալումներից ամենամեծն էր: Մարտունու բժշկական կենտրոնի ծավալումը գրեթե վերջնական էր, բայց մի քանի տեխնիկական հարց կար, այսինքն՝ մոտ օրերս վերջնական տեղի կունենա:

Վերակենդանացման բաժանմունքների մասով՝ մենք ունենք 3 սպասվող՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Միքայելյան վիրաբուժության և Էրեբունի բժշկական կենտրոն: Ես Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին երեկ անձամբ այցելել եմ: Այն գրեթե պատրաստ է և մեկ շաբաթից կծավալվի ամբողջությամբ: Դա թույլ կտա ընդհանուր պրոֆիլի բոլոր պացիենտներին տեղափոխել այդ նոր բացվող, բայց հարաբերականորեն ավելի փոքր վերակենդանացման բաժանմունք, մոտ 25 մահճակալանոց, և գործող՝ այս պահին մոտ 50 մահճակալանոց վերակենդանացման բաժանմունքն ամբողջությամբ տրամադրել կորոնովիրուսային հիվանդությանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Միքայելյանը վիրաբուժության ինստիտուտի ծավալումը հավանաբար շատ արագ չի լինի, որովհետև լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում: Չնայած շատ ակտիվ, բայց ամեն դեպքում դրանք 0-յից են ստեղծվում, և մեր նախնական թիրախային ժամկետներն օգոստոսի կես-սեպտեմբեր է: Եվ եթե ենթադրենք, որ ամբողջ աշխարհում նաև ակնկալվում է, այդ թվում՝ դեպքերի աշնանային աճ, ապա դա շատ տեղին ծավալում է՝ ի սպասում այդ աճի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Թորոսյան, ես ցանկանում եմ արձանագրենք, որ նաև այս ընթացքում, ըստ էության, ծավալվել են ռեկորդային թվով թթվածնային կետով կամ կոնցենտրատով մահճակալներ՝ 1488 այդպիսի մահճակալ ունենք, ինչը շատ կարևոր է կոնկրետ կորոնավիրուսի բուժման առումով: Եվ նաև, այո, վերակենդանացման բաժանմունքների ստեղծումը նույնպես շատ կարևոր է, որովհետև, ցավոք, էլի եմ ասում, աշխարհի միտումներն այնպիսին են, որ դեռևս չկա որևէ տվյալ, որ այս համաճարակը գնալու է անկման: Իհարկե, մենք Հայաստանում պետք է առավելագույնն անենք դա իրականացնելու համար, բայց պետք է նաև հասկանանք, որ աշխարհից կտրված չենք:

Ես ուզում եմ արձագանքել նաև այսպիսի մի թեմայի, որովհետև նախորդ կառավարության նիստից հետո շատ քննարկվեց, թե ինչպես է, որ պատվաստանյութ չկա, բայց Հայաստանի կառավարությունը և Առողջապահության նախարարությունը բանակցում է պատվաստանյութ ձեռք բերելու համար: Ուզում եմ պարզաբանել, որ, քանի որ ամբողջ աշխարհն սպասում է պատվաստանյութի, մարդիկ, գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում, և ըստ էության, հիմա կան երկրներ, որոնք, ըստ էության, արդեն իրականացրել են գնում, այսինքն՝ գումար են փոխանցել և ահռելի քանակությամբ այդ գնումը ապագա ձեռք են բերել, ինչը մտավախություններ է առաջացնում նաև, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակներն ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ, և մեխանիզմներ են մտածվում՝ ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա: Խնդրեմ, պարոն Թորոսյան, ի՞նչ հավելյալ տեղեկություն կարող եք տալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, 2 բառ ավելացնեմ. իրականում պատվաստանյութ կա, և կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Ավելին ասեմ՝ ընկերություններ կան, որ արդեն տասնյակ հազարներով դրանք արտադրել են: Դրանք կան՝ ամեն ինչով, ինչ-որ վերջնական պրոդուկտով, որպեսզի շարունակեն կլինիկական փորձարկումները: Այստեղ խոսքը միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքների լինել կամ չլինելու: Դրանք շատ են, և, ամենայն հավանականությամբ, վերջնական հաստատումն էլ լինելու է ոչ մեկը, այլ մի քանիսը: Այդ մասին մի քանի անգամ խոսել ենք այս ֆորմատով: Շնորհակալություն:

wp-apeth