Հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ կատարված փոփոխությունների մասին

Հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ կատարված փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակին, իսկ հետո անդրադարձել է ևս մեկ թեմայի, մասնավորապես  հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ կատարված փոփոխություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Հարգելի գործընկերներ, ևս մեկ թեմա, որին ցանկանում եմ անդրադառնալ: Մենք փոփոխություններ կատարեցինք մեր հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, ավելի ճիշտ՝ տրանսֆորմացիայի ենթարկեցինք այդ միջոցառումը, որի նպատակը ներդրումների խթանումն էր: Եվ ես տպավորություն ունեմ, որ մենք, համենայնդեպս՝ գործարար միջավայրը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին: Պարոն Գրիգորյան, 1-2 բառով ներկայացրեք մեր կատարած փոփոխությունների իմաստը, որպեսզի նաև այս հարթակն օգտագործենք հանրային իրազեկման համար:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Իրոք, հունիսի 20-ից ուժի մեջ է մտել մեկ կանոն, որը, ես կարծում եմ, շատ կարևոր ու ռազմավարական կանոն է: Այն մասնավորապես հետևյալի մասին է. մինչ օրս սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ՝ մինչև 250 մլն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էին մինչև 1 տարի ժամանակահատվածի համար, մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը՝ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020թ. ընթացքում, ապա նա ստանում է հավելյալ հնարավորություն՝ սուբսիդավորվել 400 մլն դրամ համարժեք վարկի չափով և արդեն իսկ 36 ամսվա ժամանակահատվածի համար, որը շատ էական է, պարոն վարչապետ: Այն էական արտոնյալ հնարավորություն է, և եթե համալրումն իրականացվել է 100 մլն դրամի չափով կամ կիրականացվի 2020թ. ընթացքում, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ արտոնյալ 500 մլն համարժեք վարկ և 48 ամսվա համար: Սա, կարծում եմ, լրջագույն խթան է: Եթե պարզ հաշվարկ անենք, ըստ էության, տնտեսվարողի տարեկան խնայողությունը սուբսիդիայի մասով, եթե վերցնենք 500 միլիոնը, իսկ մենք նպատակից կախված՝ ընդհուպ մինչև ամբողջությամբ սուբսիդավորում ենք տոկոսադրույքը, ըստ էության, դա 1-2 տարվա իր շահն է, որն ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում: Կարծում եմ, որ սա շատ կարևոր գործիք է, ու այս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում՝ 1 հայտ, 1 վարկ այս կանոնով բավարարվել է, ևս 2 հայտ քննարկման փուլում է: Բայց կարծում եմ, որ այս գործիքը պետք է տարածում ստանա:

Պարոն վարչապետ, օգտվելով առիթից, ցանկանում եմ հիշեցնել նաև մեր հարկային բարեփոխումները, որոնց մասին քիչ խոսեցինք, բայց շատ ռազմավարական եմ համարում: Եվ դրա արդյունքում – մեր հաշվարկները ցույց են տալիս – որ տնտեսության մեջ հավելյալ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել: Դա շահութահարկի կանխավճարի կանոնի փոփոխությունն է, որը, ըստ էության, ռազմավարական փոփոխություն է: Դա ժամանակավոր գործիք չէ, արդեն միշտ գործելու է: Աննախադեպ հնարավորություն կա, որպեսզի շահութահարկի կանխավճարներն իրականացվեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկից, այլ ընթացիկ եռամսյակների շրջանառությունից, որը, կարծում ենք, շատ լուրջ փոփոխություն է:

Եվ նաև իհարկե շատ ցանկալի չէր, բայց տուգանքների մասին էլ չմոռանանք: Ես խոսում եմ այն փոփոխությունների մասին, որոնք հունիսին են ուժի մեջ մտել: Այնուամենայնիվ, սանկցիաների մասով էլ փափկեցում է տեղի ունեցել, այսինքն՝ 0,75 տոկոս օրական տույժը դարձել է 0,04 տոկոս, որը բավական ողջամիտ է և վստահաբար ողջամիտ ուշացումների համար որևէ կրիտիկական հետևանք չի առաջացնի տնտեսվարողների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ շեմն էլ է բարձրացել:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Արգելանք դնելու շեմը 1,5 միլիոնի է հասել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ճգնաժամի ամենասկզբից մենք հայտարարեցինք, որ, այսպես ասած, հարկային արձակուրդների տեղային քաղաքականությունից հրաժարվում ենք, և մեր քաղաքականության արդյունքում մենք մշտական բարեփոխումներ իրականացրինք հարկային համակարգում, որը գործելու է նաև ճգնաժամից դուրս և էականորեն բարելավելու է գործարար միջավայրը:

Կարծում եմ, որ նաև այս փոփոխությունները շատ կարևոր են կանոնադրական կապիտալի փոփոխության պարագայում 400 մլն և 500 մլն դրամ արտոնյալ վարկավորում՝ սուբսիդավորվող վարկավորում ստանալու համար, ընդ որում համապատասխանաբար 36 ամիս և 48 ամիս ժամկետներով:

wp-apeth