Ավելի քան կես միլիարդ դրամ՝ նոր ծրագրերի համար. Ավինյանը մանրամասնել է

Ավելի քան կես միլիարդ դրամ՝ նոր ծրագրերի համար. Ավինյանը մանրամասնել է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեսյբուքի իր էջում վերջերս ներկայացրել էր հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի ու խնամքի նպաստի վերաբերյալ տեղի ունեցած նորամուծությունները, իսկ այսօր անդրադարձել է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերին: Ավինյանը նշել է, որ 2020 թվականի պետական բյուջեով դրանց համար նախատեսվել է ավելի քան կես միլիարդ դրամ:

Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար

Տրամադրվում է մեկ անգամ և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը:
Ծրագրի շահառու եք, եթե`

  • Հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • Ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
  • Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն. դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է`

  • Մինչև 1 մլն. դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում, երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչև 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ),
  • Մինչև 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք:

Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին

Տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։
Ծրագրի շահառու եք, եթե`

  • Ձեր երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
  • Առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,
  • Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն. դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝

  • Մինչև 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,
  • Մինչև 2 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան,
  • Մինչև 1,5 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,
  • Մինչև 4 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան:
wp-apeth