Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են

Վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Պատասխանատուները վարչապետին զեկուցել են հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման, դրանց պահպանման միջոցառումների դինամիկայի, ինչպես նաև աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքների և այն ձեռք բերելու ուղղությամբ կառավարության կողմից տարվող բանակցությունների վերաբերյալ: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Երեկվա թվերը հետևյալն են. արձանագրված նոր դեպքերի թիվը 593 է՝ 2100 թեստից, այսինքն՝ սկզբունքորեն տոկոսի առումով էական փոփոխություն չկա: Դժբախտաբար, եղել է 6 մահ կորոնավիրուսից, և 4 հոգի մահացել են նաև կորոնավիրուս ունենալով, բայց ոչ կորոնավիրուսից: Ընդհանուր թվերն ստացվում են մինչ օրս արձանագրված 26658 դեպք և 459 մահ: Իհարկե, եղել են նաև մեծաթիվ բուժված քաղաքացիներ՝ 473, և ընդհանուր բուժվածների թիվը 15036 է: Առողջապահական համակարգի՝ կորոնավիրուսով զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են: Իհարկե, կան 1-2 տեղեր բոլոր տեղերում, և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է մոտ 650 հոգի, և նրանցից 44 հոգին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Նաև շարունակվում է, Դուք երեկ էլ նշեցիք բրիֆինգի ժամանակ, նոր հզորությունների մեծացումը: Ես այսօր էլ ինքս գնալու եմ՝ տեսնելու Սպիտակի և Մարտունու բժշկական կենտրոնների ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցած են լինելու թե՛ անհրաժեշտ սարքավորումներով, և թե՛, ամենակարևորը այս պահին, թթվածնային հագեցվածությամբ:

Եվս մեկ կարևոր հանգամանք, թե քանի քաղաքացի է սպասում հոսպիտալացման: Առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ՝ տանն սպասող ունենք ընդամենը 11 հոգի, որից 4-ը՝ միջին ծանրության, 7-ը՝ թեթև, մնացած ևս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման՝ այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ: Այս մասով կարող եմ ասել, որ վիճակը հարաբերականորեն կայուն է:

wp-apeth