Կորոնավիրուսի պատվաստանյութը, հնարավոր է, հասանելի լինի 2020թ. վերջին կամ 2021թ. սկզբին. կառավարությունը բանակցում է այն ձեռք բերելու ուղղությամբ

Կորոնավիրուսի պատվաստանյութը, հնարավոր է, հասանելի լինի 2020թ. վերջին կամ 2021թ. սկզբին. կառավարությունը բանակցում է այն ձեռք բերելու ուղղությամբ

ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Վարչապետն առողջապահության նախարարին հարցրել է թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետ կապված ի՞նչ նորություններ կան:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, իրավիճակը հետևյալն է. աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն դրանցից մոտ 20-ը են ավելի հավանական, որ կդառնան: Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում՝ շատ քիչ թվով անձանց, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների վրա, և նախնական՝ 1-ին և 2-րդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը, ոչ թե մեկը: Սա շատ կարևոր է ընդհանուր մեր երկրագնդի ազգաբնակչության համար, որովհետև նման հավաստիացում մենք չունեինք, քանի որ այսպիսի վիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել՝ այդքան վտանգավոր չլինելու հիմքով:

Մենք հիմա բանակցություններ ենք վարում 2 ուղղությամբ: Առաջինն ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Օրինակ, երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Եվ այդ վակցինան՝ MRN 1723, եթե չեմ սխալվում՝ այդպես է արտադրական անվանումը, ամենահավանական թեկնածուներից է: Նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, այսինքն՝ մեծաթիվ երկրների համար մեծաթիվ քանակներ, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա: Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ուշ, օրինակ՝ հասանելի լինի 2021 թվականի սկզբին կամ 2020 թվականի վերջին, բայց երկրների մի խմբի հասնի դրանից ևս 1 տարի հետո: Դրա համար շատ կարևոր է այդ բանակցությունները վարել հենց այսօրվանից՝ նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը:

Տարբեր գնահատականներով՝ մատակարարվելու առումով այն հասանելի կլինի երկրներին կամ 2020 թվականի վերջ կամ 2021 թվականի սկիզբ: Այդ ինֆորմացիան վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետև 3-րդ փուլի հետազոտությունների ամփոփումը կամ միջանկյալ ամփոփումն սպասվում է այդ ժամանակ: Բայց ընդհանուր փաստը, որ այն լինելու է, փոխելու է ամբողջ իրավիճակը, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների և առանց մնացած կանոնները պահպանելու, արդեն ուրախալի է: Պետք է հետևենք և հետ չմնանք զարգացումներից՝ շարունակելով այդ բանակցությունները: Արդյունքների մասին էլ ես արդեն ընթացքում տեղյակ կպահեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ առավել ևս այս լուրի ֆոնի վրա, կարծում եմ, առավել պետք է խստացնենք հակահամաճարակային կանոնների պահպանումը, մեր կարգապահությունը, որպեսզի մարդկանց չդատապարտենք մահվան: Էլի ուզում եմ ընդգծել, որ մահերի թիվը կոնկրետ կախված է վիճակագրությունից: Ենթադրենք, եթե շատ կոպիտ ձևակերպենք, 590 երեկ ախտորոշված դեպքերը նշանակում են, որ 11 մարդ, այդ օրվա վիճակագրության բերումով, մահանալու է: Իհարկե, մեծ մասը բուժվելու է, բայց էլի մեզնից յուրաքանչյուրը, հակահամաճարակային կանոնը չպահելով, ամենայն հավանականությամբ, մահվան է դատապարտում ինչ-որ մի ուրիշ քաղաքացու: Բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորվել, որ այդ քաղաքացին հենց ինքը չի լինի, հենց իր ընտանիքի անդամը չի լինի, իր հարազատը չի լինի: Այնպես որ շարունակում ենք պահպանել, մեր կանոնները պարզ են, դրանց էֆեկտիվությունն ապացուցված է՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը:

wp-apeth