Վրաստանում վարակի 2 նոր դեպք է գրանցվել. Մահացած վերջին քաղաքացին Ջավախքից է եղել

Վրաստանում վարակի 2 նոր դեպք է գրանցվել. Մահացած վերջին քաղաքացին Ջավախքից է եղել

Հունիսի 29-ի ժամը 10:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 2 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 926 է: Այս մասին գրում  է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, հայտնում է aliq.ge-ն:

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 6 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 791 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացած վերջին քաղաքացին Ջավախքից է եղել, վերջերս էր վերադարձել Հայաստանից: Տարեց տղամարդը Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից էր:

Վրաստան վերադարձել էր օրեր առաջ ու անմիջապես տեղափոխվել կարանտինային ռեժիմ: Վերադարձի ժամանակ նրա ինքնազգացողությունը լավ է եղել: 82-ամյա բնակիչը սրտային անբավարարությամբ ու բարձր ճնշմամբ հոսպիտալացվել է հունիսի 14-ին՝ նախ Ռուսթավիի բժշկական կենտրոն, ապա հաստատված դիագնոզով ու ծայրահեղ ծանր վիճակում Մցխեթայի հիվանդանոց է տեղափոխվել: Այդ ընթացքում նրան  արհեստական շնչառության սարք է միացված եղել: Մահն արձանագրվել է երեկ՝ ժամը 12:40-ին, Մցխեթայի բժշկական կենտրոնում:

Ըստ բուժող բժիշկների՝ տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ մի շարք հիվանդություններ՝ առիթմիա, սրտային անբավարարություն, երիկամային անբավարարություն:

Տղամարդուն այսօր հողին են հանձնել հայրենի գյուղում: Ըստ տեղեկությունների՝ նա կնոջ հետ է վերադարձել Հայաստանից, կինն այս պահին Մցխեթայի հիվանդանոցում է, 84-ամյա կնոջ վիճակը կայուն է, սակայն համարվում է ռիսկային՝ ուղեկցող տարբեր հիվանդությունների պատճառով:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 2819  քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 230 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով: Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

wp-apeth