Ոստիկանության պետն այցելել է ՊՊԾ գունդ

Ոստիկանության պետն այցելել է ՊՊԾ գունդ

Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա է գտնվել շարային ստուգատեսին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության պետը, դիմելով շարահրապարակում կանգնած ոստիկաններին, նշել է, որ այս օրերին պարեկապահակետայինները իրենց առողջությունը վտանգի տակ դնելով` իրականացնում են ազգանվեր ծառայություն։ Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ` ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները համավարակի դեմ պայքարի առաջնագծում են։

Վահե Ղազարյանը նշել է, որ ոստիկանների կողմից իրականացվող վարչական վարույթների միակ նպատակը քաղաքացիների առողջության պահպանում է։ Եվ ոստիկանները շարունակելու են իրականացնել արտակարգ ծառայություն՝ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել սրտացավ ու պատվաբեր ծառայության համար և հայտնել, որ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանները, իր հրամանով, արժանացել են խրախուսանքների։

Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։

Ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաները շրջել են գնդի տարածքում, եղել ստորաբաժանումներում, հետևել ուսումնական, ֆիզիկական ու մարտական պարապմունքներին։

wp-apeth