Կասեցվել է «Բիլայնի» գլխամասային գրասենյակի աշխատանքը եւ դպրոցի շինարարությունը

Կասեցվել է «Բիլայնի» գլխամասային գրասենյակի աշխատանքը եւ դպրոցի շինարարությունը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է «Բիլայն» ընկերությանը պատկանող «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի եւ սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը։ Կասեցման որոշումը պարետինն է, հիմքում՝ ԱԱՏՄ արձանագրած խախտումները, նշված է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:

ԱԱՏՄ աշխատանքային թիմն այսօր ՀՀ պարետի որոշմամբ Երեւանում կասեցրել է նաև Ներսիսյան 3 հասցեում «ՀիդրոԷնշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող դպրոցի շինարարական աշխատանքները։ Նախորդիվ այստեղ անակնկալ ստուգայցը պարզել էր, որ շինարարության ընթացքում չեն պահպանվում ոչ միայն պարետի սահմանած հակահամաճարակային, այլեւ շինարարական անվտանգության նորմերը։ Մասնավորապես, փակ աղբամանների բացակայության պատճառով վտանգավոր թափոններ համարվող օգտագործված ձեռնոցները եւ դիմակները նետված են եղել շուրջբոլորը, ապահովված չեն եղել լվացման և ընդմիջման համար պատշաճ պայմաններ։ Նկատվել են նաեւ խմիչքի շշեր, մինչդեռ ալկոհոլի օգտագործումը շինաշխատանքների ընթացքում խստիվ արգելված է, քանի որ կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ։

ՀՀ ԱԱՏՄ աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանը տնտեսվարողի ուշադրությունն է հրավիրել խախտումների վրա։ Կարգադրվել է անմիջապես շտկել դրանք, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային մյուս թիմերը հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նաև անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում են։ Նաեւ կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսվարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են։ «Ստուգայցերը կրկին խախտումներ արձանագրում են»,-փաստում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը։ Բայց դինամիկան, ըստ նրա, դրական է․ խախտումները զգալիորեն նվազել են։

ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են. խախտումների քանակը հաստատուն նվազում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում: ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում՝ մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում դեռևս հայտնաբերվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի թերի կատարումներ, որոնց մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն: Սակայն խախտումների քանակը հաստատուն նվազում է:

Հայտնաբերված հիմնական խախտումներն են ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների թերի վարելը, անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը: Այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի գործունեությունը: Այստեղ շրջանցել էին աշխատակիցներին առնվազն երկու անգամ ջերմաչափելու նորմը: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսավարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը:

wp-apeth