Քաղաքացիներից 502-ը ծանր վիճակում են, 113-ը՝ ծայրահեղ ծանր. նախարարը նոր տվյալներ է հայտնել

Քաղաքացիներից 502-ը ծանր վիճակում են, 113-ը՝ ծայրահեղ ծանր. նախարարը նոր տվյալներ է հայտնել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված ներկա իրավիճակի, հիվանդների բուժման գործընթացի վերաբերյալ: «Երեկ ունեցել ենք վատ իմաստով բացարձակ ռեկորդային թիվ՝ 771 նոր դեպք՝ կատարված 2336 հետազոտությունից։ Տոկոսի առումով նոր դրական դեպքերի թիվը կատարված հետազոտություններից տատանվում է 30 տոկոսի սահմաններում։ Հոսպիտալիզացիայի իրավիճակի առումով մենք ունենք բավական բարվոք վիճակ վերջին մի քանի օրերին՝ կիրակի օրվանից սկսած: Առավոտյան ժամ 09.00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ տեղափոխման կարիք ունի կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոցից ընդամենը 2-ն է գտնվում տանը, մնացած 49-ը այլ հիվանդանոցներում են:

Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղ կա, բայց այդ տեղերի ազատվելը և զբաղված լինելը շատ արագ է տեղի ունենում։ Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը նույնպես կայուն է. 502՝ ծանր վիճակում, 113՝ ծայրահեղ ծանր։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված այս պահին ունենք 40 քաղաքացի»,— նշել է նախարարը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երեկ հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ. «Ըստ էության՝ արձանագրեցինք, որ այսօր մեր առաջարկած կանոնների 3 գագաթնակետը հենց այն է, ինչն աշխարհում ցույց է տվել իր արդյունավետությունը։ Խնդիրն այստեղ կարգապահության մեջ է՝ խոսքը դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը ախտահանելու կանոնների մասին է։ Իհարկե, մեր խնդիրները կարգապահական կանոնները պահպանելու մեջ են, և այս առումով ինչպես հաղորդակցությունը, այնպես էլ վարչական լծակները պիտի գործադրենք», -ասել է վարչապետը։

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան ներկայացրել է արտակարգ դրության կանոնների չպահպանման հիման վրա կազմված վարչական արձանագրությունների վիճակագրությունը։ «2020թ. հունիսի 24-ին արձանագրվել է 1707 վարչական արձանագրություն, որից 939 –ը՝ Երևանում: Բակերում դիմակ չկրելու համար կազմվել է 397 վարչական արձանագրություն: Ոստիկանության ծառայողները ծառայություն են իրականացրել 397 երթուղիներում: Հիմնականում խնդիրներ ունենք բակերում. ծառայությունն այնտեղ ավելի կուժեղացվի»,- ասել է ոստիկանապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ առաջնային ամենակարևոր օջախները բակերն են։ «Մենք պետք է ուշադրություն դարձնենք հատկապես բակային տարածքներին, հատկապես երեկոյան ժամերին, և այս առումով պետական մարմինների ներկայացուցիչները, կամավորները պետք է շատ մեծ աշխատանք կատարեն։ Խնդիրը սահմանված կանոնների պահպանման մեջ է: Դրանում մենք համոզվել ենք փորձագետների հետ քննարկումների, միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների, այլ երկրների փորձը հաշվի առնելու արդյունքում:

Կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել. սիրելի՛ հայրենակիցներ, մենք պետք է հակահամաճարակային կանոնները պահպանենք։ Եթե մենք հակահամաճարակային կանոնները չպահպանեցինք, մեր պրոբլեմները գնալով խորանալու են բոլոր ուղղություններով։ Մենք, իհարկե, պետք է նաև վարչական մեթոդները գործի դնենք, բայց այստեղ ամենակարևորը վարքագծային փոփոխությունն է, որը պետք է տեղի ունենա, որը մենք մեզնից ենք սկսել։ Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակը որևէ մեկին չտուգանելն է՝ պայմանով, որ բոլորս պահում ենք հակահամաճարակային կանոնները»,— ասել է Նիկոլ Փաշինյանը։

wp-apeth