Կօտարվեն մրցույթով, արտոնություն՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Կօտարվեն մրցույթով, արտոնություն՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Առողջապահական ԲԿ-ի շենք շինությունները կօտարվեն մրցույթով. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Գործադիրի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասն կօտարվի մրցույթով: Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ և հողամաս ու փաստացի որևէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։ Գույքը նախատեսվում է օտարել մրցույթով՝ նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 333 763 159 ՀՀ դրամ։

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Սա, ըստ էության, մեր հակաճգնաժամային գործողությունների շարքում է, որովհետև երրորդ ուղղությունը, այսպես ասած, ներդրումային գրավչություն ունեցող պետական գույքը մասնավորեցման հանելն է՝ ընդ որում, ծրագրով, որ այդտեղ ոչ թե ուղղակի գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որպեսզի մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ ներդրումներ են իրականացվելու»:

Այլ որոշումներ. արտոնություն է տրվել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Կառավարությունը բավարարել է «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում) (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 254.3 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ:

Գործադիրը հավանություն է տվել 2020 թ. մայիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 14 փոփոխությունը» հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ այդմ՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 14 փոփոխությամբ նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 7 մլն 467 հազար ԱՄՆ դոլար: Ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը վերոնշյալ համաձայնագրի շրջանակում կկազմի 91 մլն 871 հազար 406.36 դոլար: Լրացուցիչ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների զարգացման աջակցության ծրագրերին։

wp-apeth