Խախտումներ են դիտարկվել շինանյութի խանութներում

Խախտումներ են դիտարկվել շինանյութի խանութներում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ, նշված է ՀՀ կառավարության կայքում:

Այսօր` հունիսի 22-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում:

Պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի խախտման հիմնական դեպքերն առնչվել են հեղուկ գազի և բենզինի որոշ լցակայանների, ինչպես նաև շինանյութի վաճառքի մի քանի կետերի: Մասնավորապես բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները: Հեղուկ գազի լցակայաններից մեկում առկա չի եղել ախտահանիչ նյութ:

Խնդիրներ չեն արձանագրվել հագուստի վաճառքի դիտարկված կետերում: Խանութներում առկա են եղել հատուկ փակ աղբամաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Նշված խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստուգումները շարունակվում են:

Ուժեղացված վերահսկողություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների նվազման ցուցանիշ

Հունիսի 22-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում Պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։

Այսօր իրականացված գործառույթների և դիտարկման արդյունքում կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կրկին փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։
Պայմանավորված խախտումների բնույթով՝ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Վարչական շրջանում իրականացված դիտարկումները ցույց են տալիս, որ այս օրերին Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքները, ինչպես նաև տեղում տրված պարտադիր կատարման ցուցումներն ունեցել են դրական ազդեցություն, որի արդյունքում օրեցօր արձանագրվում են խախտումների, թերությունների նվազման ցուցանիշ։

Հավելենք, որ այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերում:

ԲԸՏՄ-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վերահսկել է դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարումը

ՀՀ պարետի կողմից սահմանված՝ համաճարակի կանխարգելման կանոնների վերահսկման աշխատանքները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն ու ոստիկանները հունիսի 22-ին մեկնարկել են Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։

Վարչական շրջանի մի շարք հուշակոթողների, զբոսայգիների, ջրային տարածքներում վերահսկվել են մարդկային կուտակումները, դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարումը։ Շրջայցի ընթացքում տեսուչները փաստել են, որ դիմակներ կրում են գրեթե բոլորը, սակայն չի պահպանվում դիմակները ճիշտ կրելու կանոնը:

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվել են դիմակները պատշաճ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու մասին ցուցումներ, հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկումներ, նաև տրամադրվել են բժշկական դիմակներ։ Զբոսայգիների, ջրային տարածքներում սպորտով զբաղվող քաղաքացիների շրջանում մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված մշտադիտարկումներն իրականացվում են ամեն օր։

wp-apeth