627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են

627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար, Փարիզի հիվանդանոցի պրոֆեսոր Ալեքսանդր Մինյոնի հետ անցկացրել է ճեպազրույց:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նորաստեղծ համակարգին կմիանա ևս մի քանի բժշկական հաստատություն: «Վաղը և մյուս օրը կորոնավիրուսի դեմ պայքարի այս նորաստեղծ համակարգին ևս մի քանի բժշկական հաստատություն կմիանա՝ իրենց մահճակալներով, նաև՝ ռեանիմացիոն մահճակալներով: Մեծ ծավալ կավելանա Դիլիջանի բժշկական կենտրոնում, որտեղ մի մասն է շահագործված: «Արմենիա» բժշկական կենտրոնը կմիանա հունիսի 24-ին՝ 50 մահճակալով և 8 վերակենդանացման մահճակալով»,— ասել է Թորոսյանն ու նշել, որ գործընթացը դանդաղում էր հիմնականում թթվածնային համակարգերի մատակարարումների հետ կապված:

Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանալու փուլում է նաև Սպիտակի ԲԿ-ն՝ ամբողջությամբ և Մարտունու ԲԿ-ի մոտ 50 մահճակալները: Արդեն միացել է նաև Վեդու բժշկական կենտրոնը: Նախարարը շեշտել է՝ առողջապահական ռեսուրսների սա աննախադեպ մոբիլիզացիա է՝ թե՛ մարդկային, թե՛ շենքային, թե՛ սարքավորումների, թե՛ ֆինանսական՝ ուղղված կարիք ունեցող բոլոր քաղաքացիների բուժմանը: Նախարարը նշել է, որ դա, իհարկե, երբեք չպետք է փոխարինի հակահամաճարակային միջոցառումներին:

Միաժամանակ, նախարարն ասել է, որ Հայաստանում հունիսի 21-ի երեկոյից չկա կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացի, ով հոսպիտալացման իր հերթին է սպասում տանը: «Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը հիմնականում վերջին 1 շաբաթվա ընթացքում տատանվում էր 150-200-ի շրջանակում: Նրանց մի մասը գտնվում էր տանը, այսինքն՝ տանն էր սպասում հոսպիտալացման, իսկ մի մասը գտնվում էր այլ բժշկական կենտրոններում: Եվ երեկ երեկոյից փաստացի տանը սպասող քաղաքացի, որպես այդպիսին, չունենք: Այսինքն, այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և ովքեր կարիք ունեն հոսպիտալացման՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված, հրատապ հոսպիտալացվում են: Եվ այս առումով կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է»,— ասել է Թորոսյանը:

Հայաստանում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է կորոնավիրուսով վարակված 627 քաղաքացի: «Այս պահին ունենք ծանր վիճակում 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի և թոքերի արհեստական օդափոխության միացված՝ 44 քաղաքացի: Այսինքն՝ գումարային 627 քաղաքացի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են, ինչը շատ մտահոգիչ է»,— տեղեկացրել է նախարարը:

wp-apeth