Այսօր բուժաշխատողի օրն է. Շնորհավորական ուղերձներ

Այսօր բուժաշխատողի օրն է. Շնորհավորական ուղերձներ

Այսօր Հայաստանում նշվում է բուժաշխատողի օրը: Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ:

«Սիրելի՛ բուժաշխատողներ,
Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Այս տարի ձեր մասնագիտական տոնը մենք նշում ենք դժվարին իրավիճակում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ։

Չափազանցություն չէ՝ դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք։ Ինչպես մեր զինվորներն են անձնվիրաբար պաշտպանում հայրենիքի սահմանները, այնպես էլ դուք այս օրերին անմնացորդ նվիրումով պայքարում եք համաճարակի դեմ և փրկում մարդկային կյանքեր։ Բժշկի մասնագիտությունը կոչում է, նվիրվածություն, պատիվ ու պատասխանատվություն, և այս ծանր օրերին ձեր անձնուրացությամբ, զօրուգիշեր անտրտունջ աշխատանքով դուք հավատարիմ եք այդ բարձր առաքելությանը:

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի աշխատանքը պատվով կատարելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, ձեզ համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

առիթն օգտագործելով՝ կցանկանայի ևս մեկ անգամ դիմել ձեզ:

Հայաստանի առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում, և բոլորիս խնդիրն է՝ աջակցել նրան մեր անհատական վարքագծով, հակահամաճարակային կանոնները պահպանելու մեր կարգապահությամբ: Բազմիցս եմ ասել և շարունակում եմ կրկնել՝ անհատական ջանքը մեր պետականության զարգացման, մեր ժողովրդի հզորացման, մեր բոլոր խնդիրների լուծման բանաձևն է, և հենց այս գիտակցումով կատարվող արդյունավետ աշխատանքով կկարողանանք միասին հաղթահարել թե՛ համաճարակային ճգնաժամը, թե՛ մեր առջև ծառացած մյուս մարտահրավերները: Յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծով կարող ենք թեթևացնել մեր բժիշկների ծանրաբեռնվածությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց ընտանիքներ:

Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ,

ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, համբերություն, անսպառ եռանդ, սեր ու երջանկություն: Համոզված եմ՝ այս մարտահրավերից մենք դուրս ենք գալու հաղթանակած՝ համատեղ ջանքերի արդյունքում:

Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով և խոնարհվում եմ ձեր առաջ»:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ:

«Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն նրանց մեծ մասն այն կանցկացնի պացիենտի կողքին, պացիենտի հետ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողներն` առաջնագծում:

Այն առօրյան, որն անցկացնում և ապրում է բուժանձնակազմը` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտն է, վերջինիս կյանքի համար պայքարելը: Եվ, ցավոք, երբեմն այդ կռվում հաղթել չի ստացվում: Իհարկե գերակշռում են դեպքերը, երբ բուժաշխատողները տեսնում են պացիենտների հուսավառ աչքերը և ապաքինումը:

Շուրջ 4 ամիս է, ինչ առողջապահական համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին: Ես վստահ եմ` մենք հաջողելու ենք և մի օր հետհայացք ենք նետելու այս օրերին, որպես պարտված մի մարտահրավերի:

Ձեզնից շատերը հիվանդացել են, սակայն դա էլ չի կանգնեցրել ձեզ. վերադարձել եք աշխատանքի` ավելի մարտունակ: Ցավոք, նաև ունեցել ենք կորուստ:

Բուժաշխատողներն ամեն օր հագնում են ծանր, անհարմար արտահագուստը և այս պայմաններում 8 և ավելի ժամ շրջում բաժանմունքներով, կատարում իրենց աշխատանքը` հույսով, որ մեր համաքաղաքացիները կաջակցեն նրանց պահպանելով երեք պարզ կանոն. պարբերաբար կախտահանեն ձեռքերը, կկրեն դիմակ և կպահպանեն սոցիալական հեռավորություն:

Սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ նույնիսկ բառերն ավելորդ են: Կրկին ու կրկին շնորհակալ ենք:

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն: Թող սխրանքները ձեր գործի անբաժանելի մասը կազմեն»:

Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզպետ Տիգրան Պետրոսյանի շնորհավորական ուղերձը:

«Հարգելի՛ բուժաշխատողներ: Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
Առողջապահական համակարգը մեր ազգային անվտանգութայն կարևոր բաղադրիչներց մեկն է։ Ոլորտի կողմից արված ցանկացած գործողություն մշտապես միտված է եղել բնակչության առողջության պահպանմանը և բուժսպասարկման որակի բարձրացմանը։ Այսօր առողջապահական համակարգն ու բուժաշխատողը լրջագույն փորձության առաջ են կանգնած ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաև Հայաստանում։ Հայ բժիշկն ու բուժաշխատողը համախմբված, հերոսաբար և անձնուրաց պայքարում են համավարակի դեմ՝ փրկելով կյանքեր։ Լիահույս եմ՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, հիմնվելով առողջապահության բնագավառի առաջավոր փորձի վրա, մենք կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը։ Տոնի առթիվ առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզի բուժաշխատողներին, ովքեր համավարակի առաջին իսկ օրվանից մարտնչում են հանուն մարդկային կյանքի ու առողջության։ Հաջողությու՛ն և լավատեսություն Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում»:

Գյումրու համայնքապետարանի մամուլի ծառայությունը ներկայացրել է իր հերթին համայնքի ղեակավար Սամվել Բալասանյանի  շնորհավորական ուղերձը:

«Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Հարգելի բուժաշխատողներ, դուք ձեր ուսերին կրում եք մարդկանց բուժելու, մարդկային կյանքեր փրկելու բարդ ու պատասխանատու գործը, և Հիպոկրատի երդմանը հավատարիմ՝ մշտապես կանգնած եք ձեզ ապավինած մարդկանց կողքին։

Երկրում տիրող դժվարին այս օրերին դուք օր ու գիշեր անձնուրաց պայքարում եք համավարակի դեմ՝ փրկելով կյանքեր։ Տոնն այս ևս մեկ առիթ է մեր երախտիքի ու շնորհակալության խոսքը հղելու ձեզ։
Վստահ եմ, ձեր անձնվեր աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել նաև այս համավարակը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով՝ մաղթում եմ բոլորիդ ամուր առողջություն, համբերություն, լավատեսություն անսպառ ուժ ու եռանդ»:

wp-apeth