Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի շրջանակում պարետատունն ավելացնում է կորոնավիրուսի հակահամահաճարակային կանոնների պահպանմանը հետևող կարգախմբերի թիվը: «Մենք էականորեն մեծացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման կարգապահության նկատմամբ: Մինչև հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթը իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով կշարունակի ոստիկանությունն իրականացնել, բայց, որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նրանց նաև պետական կառավարման այլ մարմիններից կուղեկցեն և ամեն կարգախմբում կլինի ոստիկան ու այլ պետական մարմնի ներկայացուցիչ, ինչը մեզ հնարավորություն կտա կարգախմբերի թիվը կրկնապատկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միաժամանակ, վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները վաղվանից սկսած անձը հաստատող փաստաթուղթ իրենց մոտ չունենալու դեպքում կտուգանվեն 10 հազար դրամով: «Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը: Դիմակ չկրելու համար վարչական իրավախախտումը ձևակերպելու ընթացքում խնդիր է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ: Սրանից գործընթացի արդյունավետությունը տուժում է: Անձնագիր չունենալն ու դիմակ չկրելը կլինեն առանձին իրավախախտումներ: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված: Կառավարության ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածության ընթացքում հանրային շփումների ժամանակ որևէ մեկին չի վարակել: «Հունիսի 14-ին լրացավ իմ դրական ախտորոշման 14-րդ օրը: Կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում որևէ մեկին չեմ վարակել հանրային շփումներում, որովհետև իմ հիվանդության հենց առաջին օրից եղել եմ դիմակով: Բոլորի հետ կապ եմ հաստատել և համոզվել, որ որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դիմակի կրումը երաշխավորում է վարակված լինելով ուրիշին չվարակելը:

wp-apeth