Հաստատվել է ևս 189 նոր դեպք և 5 մահ. Հանրագումարով 4472 դեպք

Մայիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4472 դեպք, որոնցից 1925-ն` առողջացած, 60-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 40230 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 189 նոր դեպք և 134 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է։