Հաց, ջուր, զենք, հանքանյութ. ահա մեր ապագան

Հաց, ջուր, զենք, հանքանյութ. ահա մեր ապագան

Աշխարհում ստեղծված ճգնաժամը ստիպում է, որ նայենք ապագային ու փորձենք հասկանալ՝ ինչ է լինելու վաղը: Ինչպես ենք ապրելու, ինչ միջոցներով ու ինչ է փոխվելու աշխարհում: Մի բան հստակ է, աշխարհն այլևս այն չէ, ինչ ամիսներ առաջ: Բոլորիս համար պետք է պարզ լինի. Հայաստանի Հանրապետությունը պետք է առավելագույնս ինքնաբավ լինի ու կարողանա ապահովել սեփական բնակչության կարիքները:

Ի տարբերություն շատ այլ երկրների, մենք այսօր ունենք նաև ֆիզիկական լինելիության խնդիր. երկու կողմից շրջապատված լինելով թշնամական պետություններով, ամեն վայրկյան մենք կանգնած ենք պատերազմի վերսկսման վտանգի առաջ: Ու այս պայմաններում ակամայից հարց է առաջանում. ինչպես ապահովել նորմալ զարգացում ու ինչի հաշվին: Այստեղ գիտական անդրադարձ է կատարվել ջրի՝ որպես ռեսուրս օգտագործման թեմային: Սովորաբար նմանատիպ թեմաները չեն կարող լինել շարքային հոդվածի տրամաբանության մեջ, քանի որ պարունակում են մի շարք մասնագիտական տերմիններ ու ծավալուն ինֆորմացիա: Այնուամենայնիվ, որպեսզի ամպագոռգոռ չհնչի ջրի կարևորության թեման, ստիպված եղանք հրապարակել Ազգային Արժեք ակումբի կողմից արված գիտական հետազոտությունը:

Այս հոդվածում, սակայն, մենք կխոսենք շատ ավելի պարզ ու մատչելի: Քաղցրահամ ջուրը կարող է տարիներ անց դառնալ այն ռեսուրսը, որը կապահովի բոլորիս բարեկեցությունը: Սակայն դրան հասնելու համար պետք է քայլեր ձեռնարկել հենց այսօրվանից: Շատ կարևոր է, որ այս թեմայի կարևորությունը գիտակցեն պետական այրերը, ինչը, մինչ այս պահը, կարծես չի արվել:

Ջրի՝ որպես ռեսուրս օգտագործման ծրագիրը միտված է ապագային: Իսկ կարճաժամկետ կտրվածքով շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա ապահովել սեփական պարենային անվտանգությունը: Հայաստանում չպետք է մնան անմշակ հողեր: Կառավարությունը կարող է անգամ օրենք ընդունել ու պարտադրել բոլոր անմշակ հողատարածքներ ունեցող քաղաքացիներին կամ մշակել իրենց հողը կամ հանձնել պետությանը՝ շահագործման համար: Մինչև տարեվերջ մենք պետք է գնանք այս ուղղությամբ: Կանխատեսվում է, որ համավարակի սրացում կարող է դիտվել աշնանը, հետևաբար մենք այլևս ժամանակ չունենք հապաղելու:

Հաջորդ կարևոր գործոնը, որը պետք է հաշվի առնել, դա վերամշակվող հանքարդյունաբերությունն է: Հայաստանն իր մետաղական ու ոչ մետաղական ռեսուրսներով բավական հարուստ է: Հանքարդյունաբերությունը իհարկե փչացնում է բնությունը, սակայն կարող է ընդունելի լինել այն ժամանակ, երբ հանքարդյունաբերող կազմակերպությունները լինեն ոչ թե մասնավոր, այլ՝ պետական: Վաղուց է խոսակցություն գնում Ամուլսարի հանքի գործարկման մասին: Այն, իհարկե, իր մեջ ռիսկեր պարունակում է ու ստրկամտություն կլինի թողնել դրա շահագործումը օտարներին: Ամուլսարի շահագործման միակ պայմանը կարող է լինել ազգայնացումը: Այլ տարբերակ մենք ուղղակի չունենք:

Հայաստանում պետք է ազգայնացվեն բոլոր հանքերը, դրանից հետո արդեն կարելի է մտածել նոր հանքերի շահագործման մասին: Սակայն հանքարդյունաբերությունը պետք է լինի վերամշակող և ամբողջական ցիկլով: Հայաստանը պետք է դադարի լինել հանքի արդյունահանման 3-րդ աշխարհի երկիր:

Եվ վերջապես, քանի որ մենք ունենք ֆիզիկական անվտանգության խնդիր, պետք է զարգացնել ռազմական արդյունաբերությունը: Երկրի ողջ տնտեսությունը պետք է աշխատի այս ոլորտի համար: Ռազմական արդյունաբերության զարգացման համար մենք ունենք բոլոր նախադրյալները: ՏՏ ոլորտի ողջ պոտենցիալը պետք է ծառայեցնել հենց այստեղ: Վերոշարադրվածն այն տեսլականն է, որը կարող է մեզ համար պայծառ ապագա ապահովել, այս կետերի վրա պետք է աշխատեն ողջ ինստիտուտներ, պետք է ցուցաբերվի լրջագույն մոտեցում ու պատասխանատվություն: Սա է այն ճանապարհը, որը կտանի մեզ զարգացման, բարգավաճման ու անվտանգության:

Վարդան Սրտաշյան

wp-apeth