Հայրաքաղաք Գյումրու գունավոր ապագան. Դուրս ենք գալիս փոսից

Հայրաքաղաք Գյումրու գունավոր ապագան. Դուրս ենք գալիս փոսից

Անցյալ շաբաթ «Հինգշաբթու» իմ հոդվածում անդրադարձել էի Թուրքիայի սանձազերծած պատերազմին Սիրիայի տարածքում՝ փաստելով, որ օրերից մի օր հնարավոր է նաև նմանատիպ ագրեսիա դրսևորվի մեր նկատմամբ։ Ու որպես պաշտպանական միջոց նշել էի՝ հայկական պետականության հզորացումը։

Եւ իսկապես, Թուրքիան չի հանդգնի հարձակվել մեր վրա, եթե ունենանք 10 միլիոնանոց, ուժեղ զարգացած, հզոր Հայաստան։

Իհարկե հնարավոր չէ զուտ բնական աճի միջոցով կարճ ժամանակահատվածում գրանցել բնակչության նմանատիպ աճ։ Ճանապարհը միայն ու միայն նոր հայրենադարձության ալիքի կազմակերպումն է։ Հայրենադարձություն կազմակերպել հնարավոր չէ զուտ հայրենասիրական ճառերով․ մարդիկ պետք է հասկանան, որ հայրենիքում իրենք լավ են ապրելու։ Եթե տարիներ առաջ այդ հեռանկարը բավական մշուշոտ էր, ապա այսօր տեսանելի են լրջագույն փոփոխություններ։

Արտագաղթողների հիմնական կարգախոսը տարիներ շարունակ եղել է հետևյալը․ «Հայաստանում ապագա չկա»։
Եկել է ժամանակը հերքելու այս արատավոր տեսակետը։ Հայաստանում, ու մասնավորապես Գյումրիում, ապագան բավական գեղեցիկ գույներով նշմարվում է։

Ինչքան էլ բողոքենք գործող իշխանությունների նեկայիս քայլերից, այնուամենայնիվ, մի բան հստակ է։ Մենք ազգովի պետք է շնորհակալ լինենք Փաշինյանին ու իր թիմին՝ սերժա-քոչարյանական ռեժիմից մեզ ազատելու համար։ Եթե անգամ Փաշինյանը այսօր դժվարանում է երկրում իրական տնտեսական հեղափոխություն իրականացնել, դա լուծվող խնդիր է։ Մնում է միայն թույլ չտալ վերջինիս վերածվել նոր սերժի ու նոր բռնապետի։

Իսկ ապագան Գյումրիում արդեն իսկ խոստումնալից է։ Աննախադեպ ծավալների փողոցաշինությունը Գյումրիին տվել է բոլորովին այլ հմայք։ Եթե նախկինում տուրիստական ընկերությունները խոսափում էին իրենց տուռերի մեջ ընդգրկել Գյումրին, ապա այսօր լրիվ այլ պատկեր է։ Մեր քաղաքի իմիջը փոխվել է, Գյումրին դարձել է մոդայիկ։ Բացի այդ, խիստ ուրախալի է եվրոպական Ryanair բյուջետային ավիաընկերության մուտքը հայկական շուկա՝ մասնավորապես Գյումրի։ Վստահաբար կարելի է ասել, որ չվերթների մեկնարկից հետո Գյումրիում զբոսաշրջային ծավալների լուրջ աճ կգրանցվի, ինչը կբերի նոր աշխատատեղերի բացման ու գործազրկության կրճատման։
Շիրակ օդանավակայանը մեզ օգնում է ոչ միայն այդ հարցում։ Ինչպես գիտեք, արդեն իսկ մեծ ծավալի աշխատանքներ են տարվում՝ օդանավակայանը Գյումրին շրջանցող ճանապարհահատվածի շինարարության վրա։ Գյումրիում լոգիստիկ կենտրոն ունենալու ծրագիրը կյանքի է կոչվում։ Սա ևս ապահովելու է բավական մեծ թվով աշխատատեղեր ու գումարի ներհոսք։

Չի անտեսվում նաև մարդկանց կենցաղը։ Իրականություն է դառնում նախկին Շիրակ հյուրանոցի դիմաց գտնվող Բարեկամության այգու շինարարությունը։ Այն լինելու է եզակի տարածաշրջանում իր հնարավորություններով ու կառուցվածքով, իսկ շինարարության վրա ծախսվելու է մի քանի տասնյակ միլիոն դոլար։ Այն նպաստելու է ոչ միայն տուրիստների ներհոսքին, այլև տեղի բնակչության հանգստին և ոչ նյութական կարիքների բավարարմանը։ Այսքանից հետո Գյումրիում ապագա չտեսնողներն ուղղակի վատատես մարդիկ են։ Մի՞թե Ռուսաստանում ապագան ավելի պայծառ է, քան Հայաստանում։ Արդեն իսկ մեր հայրենակիցները բողոքում են ՌԴ-ում օրեցօր ծանրացող սոցիալ-տնտեսական վիճակից։

Մի խոսքով, լծվենք աշխատանքի, մտքներիցս հանենք արտագաղթի ցանկացած գաղափար և ամեն ինչ լավ կլինի։

Վարդան Սրտաշյան

wp-apeth