ՀՀ բանկային համակարգի 30-ամյա էվոլյուցիան (մաս 2)

ՀՀ բանկային համակարգի 30-ամյա էվոլյուցիան (մաս 2)

Հոդվածի առաջին մասում փորձ արվեց ակնարկ տալ ինչ է տեղի ունեցել և ինչի է հանգել արդեն ներկա պահին ՀՀ վարկային շուկան: Այստեղ կարևոր է գնահատել իրավիճակը և այս պահն ընդունելով ելման դիրք՝ սկսել փոփոխությունների շարքը: Ճիշտ է փոփոխությունները, որպես կանոն, լինում են ցավոտ, բայց դրանց կանոնակարգված իրագործումը միշտ իր դրական արդյունքները տալիս է: Առաջին մասում ներկայացվել էր, որ անցած 25 տարվա ընթացքում ծանր հարվածները կառավարելու նպատակով ԿԲ-ն համարժեք գործիքակազմ է ներդրել և ապահովել է, որ ցնցումները հնարավորինս սահուն անցնեն ՀՀ ֆինանսական համակարգի համար: Դրան մենք ականատես եղանք 2015թ-ի ճգնաժամի ժամանակ, երբ ժամանակավոր խստացումները տվեցին իրենց դրական արդյունքները: Սակայն ներկայիս իրավիճակն արդեն թելադրում է մի նոր էջ բացել ֆինանսական շուկայի համար:

Ներկայումս ՀՀ վարկային շուկան կարելի է պայմանականորեն բաժանել երեք խումբ վարկատուների.

  1. մասամբ զսպված վարկավորում իրականցնող բանկեր,
  2. ավելի թույլ խստությամբ վարկավորող վարկային կազմակերպություններ,
  3. «բոլորին վարկավորող միկրոկրեդիտավորողներ, հիմնականում սպառողական վարկեր, որոնց գումարը չի գերազանցում միջինում 500 հազար ՀՀ դրամը։

Երրորդ խմբի շուկա մուտք գործելը վարկավորման մեծ աշխուժացում առաջացրեց՝ բոլորին խթանելով նորից լայնածավալ էքսպանսիա կատարել այդ ոլորտում: Այս խմբի հաճախորդների մոտ 80 տոկոսը բանկերի և ինստիտուցիոնալ վարկային կազմակերպությունների կողմից մերժված վարկառուներն էին։ Բացի այդ նման վարկավորումը շահութաբեր էր, արագ աճող ու բանկերն էլ իրացվելիության բարձր մակարդակ ունեին և կարողացան անմասն չմնալ նման վարկավորման գործընթացից։ Այսօր ունենք այն, ինչ կառուցել ենք:

Այս վիճակից ազատվելու համար հիմա հնչում են «նոր արգելքներ՝ չթողնել բարձր արդյունավետ տոկոսով վարկավորում կամ սահմանափակել այլ գործողություններ: Այս սահմանափակումները լավագույն դեպքում դուրս են հանելու միկրովարկավորող կառույցներին և նրանք հայտնվելու են սև շուկայում: Նման կառույցներին չվերահսկվող շուկա մղելը ոչ թե փրկելու  էայդ փողի կարիք ունեցողներին  թանկ փողերից, այլ՝

  1. պետությանը զրկելու է այդ միջոցները վերահսկելու հնարավորությունից,
  2. պետությանը զրկելու է այդ շղթայում հարկերի տեսքով եկամուտներ հավաքագրելուց, և
  3. բնակչության շրջանում ստեղծելու է գործազրկություն, քանի որ նման կառույցները ապահովում են զբաղվածություն կազմակերպություններում աշխատողների համար:

Այս ամենը բնավ պրոպագանդա չէ «վաշխառուական վարկավորման» համար, այլ ընդամենը ակնարկ է, որ պետք է համակարգված մոտեցում ցուցաբերել այս խնդիրների լուծման համար: Օրինակ՝ կարելի է ուղղակի սահմանափակել հավելյալ վճարներ գանձելու հնարավորութունը. վարկատու կառույցը պետք է իրավունք չունենա վարկային միջոցի վրա կիրառվող անվանական տարեկան տոկոսադրույքից բարձր, հավելյալ վճարներ սահմանել։ Սա թույլ կտա մարդկանց խաբկանքի չենթարկել: Այլ հետաքրքիր տարբերակներ ևս կարելի է մշակել: Նույնիսկ թույլատրել ԿԲ-ի սահմանվածից բարձր տոկոսադրույքով վարկավորում իրականացնել, բայց արդեն կարգավորել լրացուցիչ հարկերով: Այս թվարկված սահմանափակումները տեղային լուծումներ են, որոնք կարող են քիչ թե շատ մեղմել իրավիճակը, բայց մեզ այս պահին անհրաժեշտ են համակարգային քայլեր:

ՀՀ վարկային շուկայում ներկայումս գործող վարկատու կազմակերպությունների գործունեությունում որոշ սահմանափակումների և «խաղի նոր կանոնների» ներդրումը կարող է ծառայել որպես համակարգային փոփոխությունների նախադրյալ։ Կարելի է սահմանել  վարկավորման եռաստիճան համակարգ՝ մանրածախ կամ միկրովարկավորում, մեծածախ կամ կորպորատիվ վարկավորում և ներդրումային պորտֆելների կառավարում կամ համակարգի վերավարկավորում։ Ներկայացված գործիքակազմը հաջող կիրառվում է արտերկրում։

Միկրովարկավորումը պետք է իր հերթին բաժանված լինի 2 սեգմենտի․

  1. սպառողական վարկեր մինչև 1 մլն ՀՀ դրամի սահմանում, որտեղ առավելագույն տոկոսների համար կարող են կիրառվել վերևում նշված կարգավորումներից որևէ մեկը կամ մի քանի այլ միջոցներ։ Այս սեգմենտի վարկային կառույցների կանոնադիր կապիտալի նկատմամբ կարող են կիրառվել ներկայիս գործող սահմանափակումները և նման կառույցները պետք է իրավունք ունենան միջոցներ ներգրավել բացառապես իրավաբանական անձանցից և/կամ իրենց մասնակիցներից (այստեղ` հիմնադիրներից) (ընդ որում՝ անկախ ռեզիդենտության կարգավիճակից) և իրենց ձևավորված պորտֆելը մեծածախ բանկերին վաճառելու գործարքից։
  2. Երկրորդ խմբի վարակատու կառույցները արդեն սերտորեն պետք է համագործակցեն բանկերի հետ և նրանց վարկավորման սահմանաչափը պետք է լինի 5 մլն ՀՀ դրամը։ Այս համագործակցության ձևաչափը կարող է լինել ինչպես դեմոկրատական սկզբունքների, այնպես էլ կարգավորման սկզբունքների հիման վրա։ Կարգավորման սկզբունքներից մեկն էլ կարող է լինել մրցակցային ընտրության սկզբունքը։ Այսինքն, բանկը ընտրի մինչև որպես օրինակ 4 կազմակերպություն և աշխատի դրանց հետ միասին վարկային պորտֆել ավելացնելով։ Այս կառույցները կարող են սպասարկող բանկի կողմից թողարկված վճարային քարտերով կատարել («վարկային քարտերով») այժմ կիրառվող վարկավորումը։ Այս կառույների կողմից վարկավորվող ՓՄՁ-ներն ու ԱՁ-ները վարկային հնարավորությունները զարգացնելով ավտոմատ անցում կկատարեն այլ ֆինանսական կառույց վարկավորման, տվյալ դեպքում՝ մեծածախ վարկավորում իրականացնող բանկ։ Այս կառույցների համար հիմնական ֆինանսավորման աղբյուրը լինելու են բանկերը։ Այս կառույցների նկատմամբ կարելի է կիրառել հարաբերականորեն ավելի մեղմ կանոնակարգում, բայց բանկային վերահսկողության նորմատիվների համապատասխան։ Սրանց համար կապիտալի պահանջները պետք է ցածր չլինեն այսօրվա գործող հրապարակային օֆերտայով աշխատող վարկային կազմակերպությունների համար գործող պահանջներից։

Մեծածախ կամ կորպորատիվ վարկավորումը իրականացնելու են բանկերը, որոնք նաև իրականացնում են վճարահաշվարկային ծառայություններ, աշխատում են ֆիզիկական անձանց հետ ավանդների ներգրավվման գործում՝ գործող վերահսկողական մեխանիզմների կիրառմամբ։ Բանկերին տրված կլինի իրավունք մանրածախ շուկայում վարկային միայն մեկ ծառայության մատուցման համար, այն է՝ կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների գործող մեկ ամսյա աշխատավարձի չափով օվերդրաֆթների (օվերդրաֆթների, այլ ոչ թե վարկային գծերի) տրամադրումը։ Այս կառույցների հաճախորդները կլինեն ի սկզբանե խոշոր վարկառուները և արդեն իրենց կողմից սպասարկվող վարակային կառույցների խոշորացած ընկերությունները։ Միջոցների ներգրավվման աղբյուրները տարբեր են և բազմազան, ներառյալ՝ ֆիզիկական անձանցից ավանդները։ Կարճ ասած դասական բանկային գործառնություն, մեկ բացառությամբ, որ կարող են վարկավորել սկսած որոշակի գումարից բարձր։ Այս կառույցների կապիտալի նվազագույն պահանջները կարելի  է մեղմել քան այժմ կիրառվում է։

Ներդրումային պորտֆելների կառավարում կամ համակարգի վերավարկավորումը  իրականացնող սուբյեկտները կարող են դառնալ  խոշոր մի քանի բանկեր, որոնք արդեն անմիջական վարկավորելու են բանկերին և ակտիվ մասնակցություն են ունենալու վարկային պորտֆելների արժեթղթավորման, տարբեր տեսակի պարտատոմսերի թողարկման գործում։ Հանդիսանալու են բոլոր տեսակի արժեթղթերի թողարկման կազմակերպման ընկերությունները, լինելու են ռեպո գործարքների առաջնային գործընկերներ բանկային համակարգի համար։ Այս կառույցների վրա պետք է դրվի հայկական ֆինանսական շուկայում արժեթղթավորման հետագա զարգացման գործընթացը։ Նրանք նաև պետք է ներկայացված լինեն համաշխարհային հարթակներում տեղական շուկայի համար ներդրումներ ներգրավելու նպատակով։ Հայկական շուկայում գործող տոկոսադրույքների պայմաններում օտարերկրյա ռեսուրսների ներգրավումը կարող է ավելի դյուրին լինել։ Հետագայում այս կառույցներին կարելի է փոխանցել միջազգային կառույցների հետ աշխատանքը։ Դրանք ապագայի վերավարկավորողներն են լինելու Հայաստանի ֆինանսական շուկայում։ Այս կառույցների նվազագույն կապիտալի պահանջը պետք է լինի ավելին քան այժմ բանկերի համար կիրառվում է և պետությունը այս կառույցներում ունենա 30 տոկոս մասնակցություն, ինչպես նաև կիրառի համաշխարհային շուկայում առկա այլ նորմատիվային գործիքակազմ։ Պետական մասնակցությունը հնարավորություն է ընձեռում շահաբաժնի տեսքով լրացուցիչ մուտքեր ապահովել պետական գանձարան։ Ամփոփելով՝ պետք է նշել, որ նման կառույցները, որոնք 3-4-ից ավելի չպետք է լինեն մեր տիպի երկրների համար, լինելու են «բանկերի բանկը»։

ԿԲ-ն այս ամենում արդեն կկատարի զուտ վերահսկողական, կանոնակարգման և մեթոդոլոգիական ֆունկցիա, ինչպես նաև կմնա կառավարության վճարահաշիվային սպասարկողը։

Ներկայացված թվային մեծություններրը պայմանական են և լիարժեք թիվ կարելի ասել համակարգն առավել խորը ուսումնասիրելուց հետո։ Այս գործընթացն իրենից ենթադրում է մի քանի տարիների աշխատանք, որ առաջին հերթին պահանջում է օրենսդրական դաշտի ամբողջական թարմացում։ Նշված թարմացումները շուկան կպարզեցնեն, և, անշուշտ, չի կատարվի այս պահին գործող հախուռն վարկավորումը։

Շարունակելի

ՀՀ բանկային համակարգի 30-ամյա էվոլյուցիան (մաս 1)

wp-apeth