Հաստատվել է ևս 1 դեպք. Արցախում հաստատվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ

Համաճարակի դեմ արդյունավետ պայքար տանելու նպատակով Հանրապետությունում 1 ամիս ժամկետով մտցվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ, որի դեպքում սահմանափակվում են մարդկանց որոշակի իրավունքներ, հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ (ապրիլի 13), նոր թեստավորումներ չեն իրականացվել:

Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այս պահին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում:

Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան:

Արցախ տեղեկատվական շտաբը նաև հայտնել է, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 12-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում:

  • Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է կիտրոնի համար՝ 17 դրամ կամ 6%:
  • Տեղական արտադրության սոխի գնի 100 դրամ նվազման արդյունքում սոխի միջին գինը նվազել է 33 դրամ կամ 7.6%: Զատիկի տոնի կապակցությամբ դիտարկված առևտրային օբյեկտներից մեկի կողմից իրականացվող ակցիայի շրջանակում նվազել է նաև հավի ձվի միջին գինը՝ 1 դրամ կամ 1.9%:
  • Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: