9 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել

9 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներ կան, որոնցից երկուսն ունեն ջեր մություն: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ:

6 քաղաքացիից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ:

Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը տեղից որևէ ահազանգ չի ստացել: Ըստ վերջին տվյալների Արցախում կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացի կա:

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է համաճարակի հետևանքով հնարավոր տնտեսական բացասական ազդեցությունների մեղմմանն ուղղված հետևյալ միջոցառումները.

Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրում նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝

  • Պետական աջակցության ծրագրի շրջանակներում ջեռուցվող ջերմոցների համար անհատույց տրամադրվող գումարը 1 հեկտարի հաշվարկով 2 000 000 ՀՀ դրամից փոխել 4 000 000 ՀՀ դրամի, անհատույց ֆինանսական միջոցներ տրամադրել նաև չջեռուցվող ջերմոցային տնտեսությամբ զբաղվող հողօգտագործողներին՝ 1 հեկտարի համար 2 000 000 ՀՀ դրամ.
  • Բանջարեղեն և կարտոֆիլ մշակելու համար 1 հեկտարի դիմաց հողօգտագործողներին անհատույց տրամադրվող պետական աջակցության չափն (համապատասխանաբար 200 000 ՀՀ դրամ և 150 000 ՀՀ դրամը) մեծացնել, դարձնելով՝ 300 000 ՀՀ դրամ, ծրագրի մեջ ներառելով նաև լոբու մշակությունը.
  •  Արցախի Հանրապետության շրջանների բարձրադիր գոտում պտղատու այգիների հիմնադրման նպատակով ձեռքբերել և հողօգտագործողներին անհատույց տրամադրել խնձորենու, տանձենու, արևելյան խուրմայի, կեռասենու, սև սալորենու, սերկևիլենու, տխլենու, զկեռենու, ընկուզենու և հոնենու տնկիներ (0.5-10 հեկտարի համար).
  • Բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրման համար համակարգի արժեքի 100 տոկոսի չափով անտոկոս փոխառության փոխարեն, ծրագրից օգտվող հողօգտագործողներին համակարգի արժեքի 50 տոկոսը տրամադրել դրամաշնորհի տեսքով.
  • Ոռոգման կաթիլային համակարգով բազմամյա տնկարկների մշակության համար անհատույց ֆինանսական միջոցներ (համակարգի արժեքի 70 տոկոսի չափով) տրամադրել նաև 0,5 մինչև 1 հեկտարի չափով հողատարածքների համար:

wp-apeth