Համալիրի մոտակայքում հայտնաբերվել է բեկորային դիստանցիոն նռնակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ապրիլի 9-ին, ժամը 14:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական բեկորային դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:

Հավելենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Ռազմական ոստիկանության վարչության» մոտակայքում հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Հայտնաբերվել է «УЗРГ-М» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:

  • ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա

Ապրիլի 9-ին, ժամը 23:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան և Այգեձորի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Միսակ Դ.), «Toyota Camry» (վարորդ` Գերասիմ Հ.) և «Opel Vectra» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա:

«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արման Խ.-ն (ծնված 1995 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները:

  • ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Ապրիլի 9-ին, ժամը 18:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 130-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Հովսեփ Մ., ծնված 1991 թ.) և «Opel Combo» (վարորդ՝ Նորիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Վարդենիկ Մ., ծնված 1945 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորը տեղափոխվել է Մասիսի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: