Հաստատվել է ևս 2 դեպք. Հանրագումարով՝ 5 դեպք

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս։

Առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ (1951 թ. ծ.), որի առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության. ունի նաև ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նշված քաղաքացու ընտանիքի անդամները վերջին 3 օրերին գտնվել են ինքնամեկուսացման մեջ՝ բժիշկների խիստ հսկողության ներքո, իսկ քաղաքացու հետ սերտ շփում ունեցողների ու հավանական կոնտակտավորների շրջանակները ճշտվում են: Այս թեմայի հետ կապված նոր մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

Օրվա ընթացքում թեստավորված մյուս քաղաքացիների, այդ թվում՝ երկու ոստիկանների COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակը չի հաստատվել:

Առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են՝ պայմանավորված ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացրած անձի հետ ունեցած շփումներով:

Բեռնափոխադրում իրականացնող անձը Արցախի տարածքում եղել է մի քանի ժամ և շփվել է ընկերություններից մեկի պահեստի անձնակազմի հետ: Վերջիններիս, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացրել են. այս պահի դրությամբ առողջական խնդիրներ չունեն և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո: ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից այդ տեղանքում իրականացվել են անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ:

Արցախ մուտք գործած բեռնատարի վարորդը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, սակայն ՀՀ-ում մեկուսացվել է՝ ճիշտ նույն նկատառումներով,ինչպես ինքնամեկուսացվել են Արցախի վերոնշյալ 14 քաղաքացիները: